211652_close_icon
views-count15470 դիտում article-date 22:32 27-07-2018

Նկատում եմ, որ վենդետա է. Վահան Իշխանյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենին պաշտոնից ազատելու որոշման մասին

Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Մինասյանին հեռացնելը արդյո՞ք վենդետա չի։ Այս վերնագրով լրագրող, բլոգեր Վահան Իշխանյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։ Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Մասիվի հիվանդանոցի տնօրեն Արայիկ Մինասյանն առողջապահության բնագավառում պաշտոնյա է եղել մինչև Սերժ Սարգսյանի խնամի դառնալը, նրան գիտեմ դեռ այն ժամանակ, երբ Երևանի առողջապահության վարչության պետն էր՝ 1990 թվից, առնչվել եմ հետը առողջապահության հետ կապված, հիվանդների նկատմամբ ավելի հոգատար պաշտոնյա չեմ տեսել։ ՀՀՇ-ի Համբարձում Գալստյանը, դառնալով Երևանի քաղաքապետ, նրան հանեց պաշտոնից, իր ընկերոջը դրեց տեղը, ապա ինչ-որ ժամանակ անց Մինասյանը դարձավ Մասիվի հիվանդանոցի տնօրեն։ Ու երբ հիվանդանոցները սեփականաշնորհում էին, Արայիկ Մինասյանը սկզբունքորեն չսեփականաշնորհեց Մասիվի հիվանդանոցը, թեև դրա հնարավորությունը բոլորից շատ ինքն ուներ։ Ուրեմն, նա Սերժի Սարգսյանի խնամի է դարձել արդեն պաշտոնյա եղած ժամանակ։ Հիվանդանոցի մասին հակասական բաներ եմ լսել. դրականն այն է, որ շատ հոգատար են հիվանդերի նկատմամբ, օրինակ լսել էի, որ շրջաններից եկած դիալեզի հիվանդների համար հիվանդանոցի մոտ բնակարաններ են վարձել, աղքատներին ձեռք են մեկնում։ Ինքս էլ եմ մի շարք անգամ առնչվել այդ հոգատարությանը։ Առողջապահության նախարարը որպես կոռուպցիայի դեպք նշեց, թե նույն մարդու վրա հինգ անգամ փող են դուրս գրել, մամուլն էլ, որպես պասիվ գրատախտակ, իր վրա ճպացրեց դա՝ փորձ չանելով ստուգել, թե ինչպես է դա եղել։ Հիվանդանոցի բժիշկներից մեկը ասաց, որ փաստի միայն կեսն են ասում, որ այո, մի թափառաշրջիկ, անտուն հինգ անգամ տարբեր ձևերով բերվել է հիվանդանոց։ Հիվանդանոցի մասին բացասական այն եմ լսել, որ լավ բժիշկներ քիչ են, լինում են սխալ բուժումներ։ Եթե այդպես է, սա էլ հասկանալի, լավ բժիշկներից շատերը թանկաբազար են և թանկ հիվանդանոցներում հարուստներին են միայն բուժում։ Նայում եմ ուղիղ եթերով հիվանդանոցի դիմաց բուժաշխատողների և խնամառուների (պացիենտների) բողոքի ցույցը և էլի եմ համոզվում, որ Մինասյանը հոգատար պաշտոնյա է, օրինակ Վոժդի (զոհված ազատամարտիկ Մուշեղ Մխոյան, ով առնչվել է 1988-ի շարժմանը, նրան կհիշեն) դուստրը հուզված, արցունքն աչքերին պատմում է, թե ինչպես է իր ընտանիքի չորս անդամների նկատմամբ հոգատար եղել։ Այսպիսով, հարց է առաջանում, առողջապահության ոլորտում հենց Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած հիմնարկը առաջինը ստուգելը ու տնօրենից ազատվելը կոռուպցիայի դեմ պայքա՞ր է, թե՞ վենդետա։ Արդեն, նկատում եմ, որ վենդետա է։ Կարծում էինք, թե հասարակությունը հասել է այնտեղ, որ որդին հոր արարքի համար պետք է պատասխանատվություն չկրի։ Պարզվում է՝ դեռ այնտեղ ենք, որ ասենք՝ խնամին խնամու արարքների համար պետք է պատասխանատվություն չկրի»։

Նմանատիպ նյութեր