211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Mazda»-ն ու «Lada»-ն. մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6529 դիտում article-date 09:45 22-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Անդրանիկ Մ-ի վարած «Mazda» և 34-ամյա Գարիկ Մ.-ի վարած «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը տեղում մահացել է, «Mazda»-ի վարորդն ու «Lada»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Քրիստինա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս են բերել «Lada»-ի վարորդի մարմինը:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խըդըր Մահմուդյանն ու Կարեն Կարապետյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխացնել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղաշրապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր