211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ Հայկաձորում բախվել են «ԳԱԶ 31-10» և խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12304 դիտում article-date 22:45 21-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի խոտով բարձված բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների խումբը։

Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բախման հետևանքով բեռնատարում բարձված խոտը թափվել է, և դեպքի վայր են ժամանել «ՃանՇինի» աշխատակիցները, ովքեր սպասում են, որ քննչական գործողությունները ավարտվեն, որպեսզի ճանապարհը մաքրեն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր