211652_close_icon
views-count1495 դիտում article-date 16:05 12-04-2026

Արմավիրում վերջապես «Վեոլիա Ջուր»-ը գործի անցավ․ Երևանյան-Բաղրամյան խաչմերուկում դադարեցվեց կեղտաջրերի հոսքը, իսկ մարզպետն ու քաղաքապետը այդպես էլ մնացին դատարկ խոստումներ տվողներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքում տիրող գարշահոտ և հակասանիտարական վիճակի մասին, որտեղ բնակիչները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի և «Վեոլիա Ջուր» ընկերության հասցեին, որ նրանց անգործության պատճառով տևական ժամանակ է քաղաքի Բաղրամյան-Երևանյան փողոցների խաչմերուկում տիրում է գարշահոտ վիճակ, և ոչ միայն այդ հատվածում, այլ նաև դրա հարակից մի քանի բնակելի շենքերում, սեփական տներում և հարևանությամբ աշխատող տնտեսվարող օբյեկտներում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 12-ին, «Վեոլիա Ջուր» ընկերության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտվանից հատուկ տեխնիկայով ժամանել են նշված վայր և սկսել աշխատանքներ իրականացնել։ Նախ բացվել են խցանված խողովակները, ինչից հետո կեղտաջրերի հոսքը դեպի փողոց դադարեցվել է, և այս պահին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատանքները։

Սակայն այն չի կարելի հիմնանորոգում համարել, քանի որ պետք է ամբողջությամբ փոխվեն կոյուղատարերը և դիտահորերը, իսկ դրա համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք պետք է նաև կառավարությունը տրամադրի։

Իսկ արդյոք կառավարությունը այս պահին նման բարի կամքի դրսևորում կցուցաբերի, դեռևս անհայտ է։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ արդեն երկար ու ձիգ ամիսներ է, ինչ Արմավիր քաղաքի Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Ապրիլի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«Երկար ու ձիգ ամիսների պատմություն ունի այս խնդիրը։ 9 ամիս է գարշահոտ ենք շնչում, 9 ամիս է Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի քթի տակ, «Վեոլիա ջրի» բարձր հովանավորությամբ ստեղծվել է գարշահոտի «թանգարան»։ 9 ամիս է, իսկ վերջին 10 օրում մեծ թափով կեղտաջրերը դուրս են գալիս, անցնում շենքերի բակեր, լցվում անգամ նկուղներ։

10 օր առաջ էր, նկատեցինք, որ կեղտաջրերը սկսել են ավելի վարար դուրս գալ։ Զանգեցինք «Վեոլիա ջուր», խոստացան, թե 1-2 օրվա ընթացքում խնդիրը կվերացնեն, բայց ոչ միայն չվերացրեցին, այլ այն գնալով ավելի է բարդացել։ Մյուս խաչմերուկներից անգամ հոտն զգացվում է։ Հետաքրքիր է, էս ճանապարհով միշտ անցնում են Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը, կամ դրանք վարակված են կորոնայով, որ հոտը չեն զգում, կամ էլ էնքան են ընտելացել, որ այդ հոտը նրանց համար դարձել է «սննդի աղբյուր», հակառակ դեպքում մի ժամը բավական է, որպեսզի մարզպետն ու քաղաքապետը «Վեոլիա ջուր» ընկերությանը պարտավորեցնեն, որ շատ արագ հարցը լուծի, քանի որ ուշացնելու դեպքում, ինչը որ արվել է արդեն, տարածքում կառաջանա նաև համաճարակ՝ իր վտանգավոր հետևանքներով։

«Վեոլիա ջուրը» ոչ միայն այս խաչմերուկի, այլև հարակից շենքերի բակային հատվածներն է թողել բախտի քմահաճույքին, ինչի պատճառով էլ այդ հատվածներում էլ է գարշահոտ վիճակ։ Էնքան ենք դիմել, մնում է այլ միջոցների դիմենք։ Ընդհուպ չենք վճարի վարձերը, ընդհուպ «Վեոլիա ջրի» պատասխանատուներին կբերենք ու կնետենք այս լողավազաններ հիշեցնող կեղտաջրերի մեջ։

Բավական է մեր ներվերը սղոցեք, մեր համբերության բաժակը լցված է արդեն։ Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ «Վեոլիա ջուրն» իրենց խոսքը գետնով է տալիս։ Դրա համար էլ ուզում ենք հիմա այս անգամ դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին, հավատալով, որ նրանք հետևողական կլինեն ու Արմավիր քաղաքի հարյուրավոր բնակիչների կփրկեն այս հակասանիտարական, գարշահոտ վիճակից ու կեղտից»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր