211652_close_icon
views-count691 դիտում article-date 12:39 18-11-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ծառերին, ցուցանակին և հայտնվել կանաչ գազոնում. վիրավորները հարազատ եղբայրներ են, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա ծառերին ու հողաթմբերին, և մոտ 80 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտում՝ կոտրելով նաև ցուցանակը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը (դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ կամ Աբովյանի կամ Բյուրեղավանի շտապօգնության բժիշկներն են եղել, իսկ վիրավորները հարազատ եղբայրներ են), տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր