211652_close_icon

Երևանի քաղաքապետի հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր»-ը և Մալաթիայի թաղապետարանը շարունակում են օրեր շարունակ Անդրանիկի փողոցում վնասված կոյուղատարերը նորով փոխարինելու աշխատանքները. կեղտաջրերի հոսքը անցնում է մի քանի կմ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count18940 դիտում article-date 14:03 12-12-2025
Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր»-ն ու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցները՝ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ Անդրանիկի փողոցում վթարված կոյուղատարը նորով փոխարինելու ուղղությամբ: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, աշխատանքները նույնպես շարունակվում են, ու դրանք կտևեն ևս մի քանի օր, քանի որ վթարված կոյուղատարը շահագործվում էր հազարից ավելի շենք-շինությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, սննդի կետերի, հիվանդանոցների կողմից և աշխատանքները բավականին բարդ են: 
 
Ճիշտ է, բնակիչները բողոքում են, թե քանի օր է՝ այս վիճակն է, բայց հանուն արդարության պետք է նշել, որ թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ Մալաթիայի թաղապետարանը առավոտյան ժամը 07:00-ից մինչև մութն ընկնելն աշխատանքներ են կատարում՝ որոշ հատվածներում օգտագործելով նաև հատուկ տեխնիկաներ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերի հոսքը ցերեկային ժամերին մի փոքր քիչ է, սակայն երբ բնակիչները աշխատանքից վերադառնում են տուն, հոսքը շատանում է:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում: 

Անդրանիկի փողոցում կեղտաջրերի վնասված կոյուղատարի պատճառով կեղտաջուրը դուրս էր թափվում և մի քանի կմ ճանապարհ հոսելով անհարմարություններ պատճառում բնակիչներին:
 
20 ժամից ավելի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը՝ թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի գլխավորությամբ, «Վեոլիա ջրին» պատկանող մի քանի տեխնիկաներով ամեն ինչ անում էին, որպեսզի ժամ առաջ վթարը վերացնեն: 

Ու մինչ աշխատանքներ էր իրականացվում, ամբողջ կեղտաջուրը մի քանի փողոցներով հասնում էր մինչև ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի խաչմերուկի հարևանությամբ գործող «Երևան սիթի» սուպերմարկետի 100-ից ավելի սննդի, առևտրի կետերի, վարսավիրանոցների և այլ օբյեկտների ու բնակիչներին պատկանող ավտոտնակների տարածք:
 
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այնպես չէ, թե աշխատանքներ չեն կատարվում «Վեոլիա ջրի» ու Մալաթիայի թաղապետարանի կողմից, պարզապես «Վեոլիա ջրի» կողմից հայտնաբերվել է, որ վթարված խողովակաշարերի մեծ մասը անցնում է ավտոտնակների ու քարե շինությունների տակով և որպեսզի դրանց սեփականատերերը էլ ավելի չտուժեն, «Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը փորձում են անել հնարավորը, նույնիսկ քննարկվում է նոր կոյուղատարը անցկացնել այլ վայրով: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր