211652_close_icon
views-count1889 դիտում article-date 13:03 16-03-2026

ՀԾԿՀ նախագահի, Երևանի քաղաքապետի ու Աջափնյակի թաղապետի միջամտության արդյունքում «Վեոլիա ջուրը» որոշեց, որ պետք է հրատապ թիվ 39 մանկապարտեզը փրկեն գարշահոտ և հակասանիտարական վիճակից. հատուկ տեխնիկայով սկսել են աշխատանքներ կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ մարտի 16-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջամտությամբ և «Վեոլիա ջուր» ընկերության մասնակցությամբ առավոտյան ժամը 09:00-ից «Վեոլիա ջրի» հատուկ մասնագետները սկսել են աշխատանքներ իրականացնել Աջափնյակ վարչական շրջանի թիվ 39 նախադպրոցական ուսումնական հաստատության (մանկապարտեզ)  տարածքով անցնող դիտահորերի ու  կոյուղատարերի մաքրման համար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները արդեն հատուկ տեխնիկայով կատարում են թորման աշխատանքներ, որպեսզի հայտնաբերեն խցանված հատվածը ու կարողանան կոյուղատարերը հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել։

Այս պահին աշխատանքները շարունակվում են։

Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի հանձնարարականով՝ նշված վայր է ժամանել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ս. Սարգսյանը և հանձնարարել է կոմունալ բաժնի աշխատակիցներին, որպեսզի վերջում, երբ «Վեոլիա ջուրն» ավարտի իր աշխատանքները, հատուկ լուծույթով մանկապարտեզի բակային ողջ տարածքը մաքրեն։

Ինչպես ավելի վաղտեղից հայտնել էր ֆոտոլրագրողըմարտի 13-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող թիվ 39 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզ) տիրում էր բառի բուն իմաստով հակասանիտարական, հակահիգիենիկ վիճակ։

Ըստ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների՝ մեկ ամիս էր դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ու կեղտը հոսում էին մանկապարտեզի տարածքով՝ հասնելով մինչև Մարգարյան ու Բաշինջաղյան փողոցներ։ Կեղտաջրերը անցնում էին նույնիսկ ճաշարանի մոտով ու պատկերացնել կարելի էր, թե երեխաները այդ հոտին ինչպես էին սնվում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով ծնողներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, իրենց զայրույթն էին ուղղել Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով.

«21-րդ դարում ենք ապրում ու էս տեսակ անմարդկային վերաբերմունք ենք տեսնում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մեր երեխաների նկատմամբ։ Մի ամիս է՝ ամեն օր զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», Աջափնյակի թաղապետարան, մի ամիս է՝ մատների վրա խաղացնում են։

Պատկերացնո՞ւմ եք, էս պայմաններում երեխաները հաճախեն մանկապարտեզ ու էս հոտին սնվեն։ Էդ պաշտոնյաները իրենց երեխաներին կբերեի՞ն էս մանկապարտեզ, իհարկե՝ ոչ։ Էլ չենք ասում, որ մանկապարտեզ մտնում ես, երանի ես տալիս քարե դարին»։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը մի քանի օր է կարելի է ասել «Ավարայրի ճակատամարտ» էր տալիս «Վեոլիա ջրի» չինովնիկների հետ, փաստերով ու փաստաթղթերով համոզում էր, որ «Վեոլիա ջուրը» ցուցաբերում է անտարբերություն և խնդիրը պետք է լուծի հենց «Վեոլիա ջուրը»։ Ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը ոչ մի անելիք չունեին։ Եվ ծնողները պետք է լավ իմանային, ու իրենց բողոքի սլաքներն ու «քաղցր խոսքերը» ուղղեին «Վեոլիա ջրին»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր