211652_close_icon
views-count1027 դիտում article-date 11:18 19-04-2026

ՀԾԿ հանձնաժողովի նախագահի և Երևանի քաղաքապետի միջամտության արդյունքում «Վեոլիա ջուր»-ը գործի անցավ․ 2 օր խմելու ջուրը աննպատակ հոսում էր, իսկ «Վեոլիա»-ից պատասխանել էին, թե 5-10 օրվա ընթացքում կմոտենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 17-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 3-րդ նրբանցքում՝ ըստ բնակիչների, 2 օր շարունակ խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով ջրի կորստի մասին, երբ բնակիչները հայտնել էին, որ 2 օր շարունակ այդ մասին տեղեկացրել էին «Վեոլիա ջուր» ընկերությանը, անգամ այցելել են «Վեոլիա ջուր», սակայն այդ ընկերությունը մի դարակազմիկ պատասխան էր տվել բնակիչներին՝ ասելով, թե տեղյակ են, և 5-10 օրվա ընթացքում խումբը կմոտենա վթարի վայր։

Բնակիչների հարցին՝ այդ դեպքում խմելու ջուրը 5-10 օր աննպատակ կորելո՞ւ է՝ չէր մտահոգել «Վեոլիա»-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, բնակիչները խնդրանքով դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, և միայն Մ․ Մեսրոպյանի և Տ․ Ավինյանի արագ արձագանքման շնորհիվ երեկ՝ ապրիլի 18-ին, «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են նշված վայր և մի քանի ժամվա ընթացքում խնդիրը լուծել են։

Հետաքրքիր է՝ եթե պետք է շատ արագ առնեիք ջրի կորստի դեմը, ինչո՞ւ եք բնակիչներին սթրեսի մեջ պահում, ու դրա արդյունքում էլ մարդիկ, ովքեր ձեր սպառողներն են և հենց նրանց հաշվին եք աշխատավարձ ու պարգևավճարներ ստանում, նման ոչ ճիշտ պահվածքի են արժանանում։
Իսկ այսօր արդեն բնակիչները իրենց շնորհակալությունն էին ուղղում Մ․ Մեսրոպյանին ու Տ․ Ավինյանին, մինչդեռ եթե ժամանակին «Վեոլիա ջուր»-ը աշխատանքները պատշաճ կատարեր, իսկ Էրեբունու թաղապետն էլ հետևողական լիներ, կարժանանային բնակիչների գովասանքին ու օրհնանքներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ 2 օր է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 3-րդ նրբանցքի բնակիչները, չակերտավոր ասած, «քաղցր խոսքերով» էին հիշում «Վեոլիա Ջուր» ընկերությանը և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանին։

Ապրիլի 17-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, զայրացած ասում էին․ «2 օր է խմելու ջուրը գլխավոր փողոցում վնասվել է, ու 2 օր է ջուրը գնում-կորչում է։ Առաջին օրվանից վթարի մասին տեղեկացրել ենք «Վեոլիա Ջուր»-ին, իսկ այսօր էլ մի քանի բնակիչներով գնացել ենք «Վեոլիա Ջուր» ու խնդրում ենք, որպեսզի ջրի կորստի դեմն առնեն, և նրանց կողմից լսում ենք անհեթեթ պատասխան՝ 5-10 օրվա ընթացքում մասնագետները կմոտենան, վթարը կվերացնեն։

Ահա գործ չսիրող ընկերության պատասխանը։

Այսինքն՝ խմելու ջուրը պիտի կորչի, մեծ թվով սպառողներ ջրից զրկվեն, թե ինչ է «Վեոլիա»-ն 5-10 օրվա ընթացքում է մոտենալու։ Խնդրի մասին տեղեկացրել էինք նաև Էրեբունու թաղապետարան, որը այստեղից 1 կմ էլ չկա, բայց թաղապետը երևի այդքան ժամանակ չուներ որ «Վեոլիա Ջուր»-ին ստիպի, որ գար այս վթարը վերացներ։

2-րդ օրն է՝ խմելու ջուրը 3-4 կմ հոսում է, մարդու լաց է գալիս։ Մեր հարևան Իրանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, խմելու ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ ստացվում է՝ «Վեոլիա Ջուր»-ի «բարձր հովանու» ներքո ջուրը կորչում է։ Լավ էլ ինչ ասենք, ոնց դիմենք, որ այդ «Վեոլիա Ջուր» ընկերությունում նստած, մեր հաշվին իրենց թափանները լցնող աշխատակիցները դադարեն նման փնթի և ոչ պատասխանատու աշխատելուց։

Էլ ոչ «Վեոլիա»-ին ենք հավանում, ոչ էլ Էրեբունու թաղապետին։ Դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գոնե ինքը միջնորդի, որ թաղապետն ու «Վեոլիա Ջուր»-ը շատ արագ գործեն»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր