211652_close_icon

Ավանի թաղապետն ու «Վեոլիա ջուրը» սպասում էին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ կշտամբի, որ նոր մի ամբողջ թաղամաս փրկեն գարշահոտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count2263 դիտում article-date 21:19 03-02-2026
Այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով վերջապես Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի գլխավորությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը խոսքից անցավ գործի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 7 օր Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոցում դիտահորից թափվող կեղտաջուրը, հասնելով Բաբաջանյան և Աճառյան փողոցներ, գարշահոտ ու հակասանիտարական վիճակ էր ստեղծել վարորդների, հետիոտների, քաղաքացիների, ինչպես նաև այդ ամբողջ տարածքում աշխատող օբյեկտների աշխատակիցների համար։

Գարշահոտը զգացվում էր անգամ 1 կիլոմետրից, իսկ գիշերային ժամերին էլ այդ ամբողջ կեղտաջրերը սառում ու վերածվում էին կեղտասահադաշտի։

Ու միայն այսօր Տ. Ավինյանի հանձնարարականն արդյունք տվեց. թաղապետն ու «Վեոլիա ջուրը» մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կարգավորեցին։

Եթե պետք է արվեր, ինչո՞ւ էիք սպասում, որ Երևանի քաղաքապետը պարտադիր կշտամբի ու խիստ հանձնարարական տա, որ նոր այդ գարշահոտը վերացնեք։

Բնակիչները նշում էին, որ վերջապես ազատվեցի այդ հակասանիտարական վիճակից ու ուզում էին հավատալ, որ ոչ թե ժամանակավորապես, այլ հիմնական, քանի որ գաղտնիք չէ՝ Երևանում ու մարզերում հազարավոր դիտահորեր մաքրելուց օրեր, անգամ ժամեր անց նորից կեղտաջրերը դուրս են թափվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 30-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Երևանի Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոցից, որտեղ կեղտաջուրը դիտահորից դուրս էր գալիս, հասնում Բաբաջանյան փողոց, որտեղից էլ մինչև Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, և այդ ամբողջ տարածքում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Հունվարի 31-ին դարձյալ նույն վիճակն էր ու քաղաքացիները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին ուղղում «Վեոլիա ջրին», Ավանի թաղապետ Վահե Հակոբյանի հասցեին՝ ասելով՝ ինչու են նրանք այդ աստիճան քար անտարբերություն ցուցաբերում ու արդեն 6-րդ օրն է՝ ոչինչ չէին ձեռնարկվում այդ անտանելի վիճակը վերացնելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, թե՛ բնակիչները, թե հարևանությամբ գործող 100-ավոր օբյեկտների աշխատողներն ու վարորդները զայրացած ամենավերջին խոսքերն էին ուղղում «Վեոլիա ջրին» և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասցեին՝ ասելով․ «Էս ինչի է նման։ Արդեն 4-5 օր է Ավանի գլխավոր փողոցներից մեկում կեղտաջրերը մի քանի կմ հատված վերածել են հակասանիտարական վիճակի, իսկ պատասխանատուները կարծես թե «ջայլամի կեցվածք» ընդունած լինեն՝ գլուխները մտցրել են ավազի մեջ և չտեսնելու են տալիս էս այլանդակությունը։ Հետաքրքիր է՝ թաղապետը, որ գնում է իր աշխատավայր, երևի օդով է գնում, թե չէ, որ էսպես գնար՝ հոտից ճնշումը կընկներ, ու շտապօգնության փոխարեն «Վեոլիա Ջուր» կզանգեր։

Հետաքրքիր է, մի՞թե նրան դուր է գալիս, որ երբեմնի նման խնդիրներ չունեցող Ավան վարչական շրջանում այս վիճակ է։

Երբ մութն ընկնելուն պես էդ կեղտաջրերը սառում են ու ամբողջ փողոցը վերածում սահադաշտի՝ այդ ժամանակ էլ ավտովթարների պակաս չի լինում։

Հիմա երանի ենք տալիս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում պաշտոնավարման ընթացքում ոչ միայն Ավանում, այլ Երևանում, եթե նման խնդիրներ լինեին, քաղաքապետարանի չինովնիկներին, թաղապետերին, «Վեոլիա Ջուր»-ին օդերով կհաներ ու կտար ժամանակ, որ ժամեր անց իրեն զեկուցեն խնդրի լուծված լինելու մասին։ Իսկ հիմա ինչ ժամեր, էսա շաբաթն ենք բոլորում, որ էս գարշահոտ վիճակում են ապրում»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր