211652_close_icon

Արտակարգ իրավիճակ Երևանում․ 5 օր է Ավանում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը մի քանի կմ ճանապարհը վերածել է գարշահոտ, հակասանիտարական վիճակի․ կեղտն էլ սառում ու պատճառ է դառնում ավտովթարների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3095 դիտում article-date 22:57 30-01-2026
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ միշտ կշտամբում է վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի տարբեր վարչությունների ու բաժինների պետերին՝ ասելով, որ իրենց կատարած աշխատանքի արդյունքներից է կախված, թե երևանցիները ի՞նչ կարծիք կկազմեն քաղաքային և տեղական իշխանությունների մասին։  Եվ որ ամենակարևորներից մեկն այն է, որ երբ վարչական շրջաններում խնդիրներ են առաջանում, ապա թաղապետերը պետք է մոռանան տուն գնալու մասին, գլուխները բարձին չդնեն՝ մինչև խնդիրները չլուծվեն։

Մինչդեռ արդեն 4-5 օր է Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոցում գտնվող կեղտաջրերի համար նախատեսված դիտահորից կեղտաջուրը դուրս է գալիս, հասնում Բաբաջանյան փողոցով մինչև «Հարսնաքար»՝ Աճարյան փողոց։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե՛ բնակիչները, թե հարևանությամբ գործող 100-ավոր օբյեկտների աշխատողներն ու վարորդները զայրացած ամենավերջին խոսքերն էին ուղղում «Վեոլիա Ջուր»-ին և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասցեին՝ ասելով․ «Էս ինչի է նման։ Արդեն 4-5 օր է Ավանի գլխավոր փողոցներից մեկում կեղտաջրերը մի քանի կմ հատված վերածել են հակասանիտարական վիճակի, իսկ պատասխանատուները կարծես թե «ջայլամի կեցվածք» ընդունած լինեն՝ գլուխները մտցրել են ավազի մեջ և չտեսնելու են տալիս էս այլանդակությունը։ Հետաքրքիր է՝ թաղապետը, որ գնում է իր աշխատավայր, երևի օդով է գնում, թե չէ, որ էսպես գնար՝ հոտից ճնշումը կընկներ, ու շտապօգնության փոխարեն «Վեոլիա Ջուր» կզանգեր»։

Հետաքրքիր է, մի՞թե նրան դուր է գալիս, որ երբեմնի նման խնդիրներ չունեցող Ավան վարչական շրջանում այս վիճակ է։

Երբ մութն ընկնելուն պես էդ կեղտաջրերը սառում են ու ամբողջ փողոցը վերածում սահադաշտի՝ այդ ժամանակ էլ ավտովթարների պակաս չի լինում։

Հիմա երանի ենք տալիս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում պաշտոնավարման ընթացքում ոչ միայն Ավանում, այլ Երևանում, եթե նման խնդիրներ լինեին, քաղաքապետարանի չինովնիկներին, թաղապետերին, «Վեոլիա Ջուր»-ին օդերով կհաներ ու կտար ժամանակ, որ ժամեր անց իրեն զեկուցեն խնդրի լուծված լինելու մասին։ Իսկ հիմա ինչ ժամեր, էսա շաբաթն ենք բոլորում, որ էս գարշահոտ վիճակում են ապրում»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր