211652_close_icon
views-count70395 դիտում article-date 13:14 07-03-2022

Կրակոց՝ Կոտայքի մարզում. «Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով» հորեղբայրը կրակել է եղբորորդու հետույքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում  Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Մինասյանը։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Փիլոյանը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, և այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։ 

Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։

Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։ 

Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։ 

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր