211652_close_icon
views-count5971 դիտում article-date 09:43 02-04-2026

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Զիլ»-ն ու «Ford Transit»-ը. վերջինի վարորդը տեղում մահացել է. պարեկներին, ոստիկաններին, փրկարարներին և բժիշկներին հաջողվեց կրքերը հանդարտեցնել. մարդիկ սպառնում էին մեքենան հրկիզել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Սամվել Երեմյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը նշված դեպքի վայրում բավականին լարված էր։ «Ford Transit»-ի վարորդի հարազատներն ու ընկերները, ժամանելով դեպքի վայր ու տեսնելով, որ վարորդը մահացել է, փնտրում էին «Զիլ»-ի վարորդին և փորձում էին նույնիսկ ջարդել ու հրկիզել ավտոմեքենան։ Մոտ 10 րոպե պահպանվեց այդ վիճակը, բայց պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարները ու անգամ շտապօգնության բժիշկները կարողացան կրքերը հանդարտեցնել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 3 երեխաների հայր էր։ 

Իսկ «Զիլ»-ի վարորդի մոտ էլ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր