211652_close_icon
views-count95907 դիտում article-date 20:06 04-04-2023

Երևանի իր բնակարանում հայտնաբերվել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղայի դին. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ․ իրավապահները բնակարան են մտել բժշկական դիմակներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի 38 շենքի բնակարաններից մեկում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և Հատկապես կարևոր քննիչներով ավագ քննիչ Արա Ավագյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 1-ին հարկի բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:

Մինչ տեղում դատաբժիշկը զննում էր դին՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ քրեականի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ով նշված շենքի բնակիչ, 48-ամյա Մ. Մուրադյանն է:

Դեպքի վայրում հավաքված հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը հանրությանը հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանի հորեղբոր տղան է:

Տունը ամբողջովին գտնվում է հակասանիտարական վիճակում, ոստիկաններն ու քննիչները հատուկ դիմակով են կարողացել ներս մտնել:

Դեպքի փաստով քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քիջ առաջ Հրաչ Մուրադյանը, արձագանքելով լուրին, իր ինստագրամյան էջում գրել է.

«Հորեղբայրներիս բոլոր տղաները ողջ են։

Հ.գ. ցավակցում եմ մահացածի հարազատներին»:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր