211652_close_icon
views-count3703 դիտում article-date 13:44 31-03-2026

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն․ վերջինը հայտնվել է մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ․ կա 6 վիրավոր․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Hongqi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ «Արտ Լանչ» սննդի կետի մուտքի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորների մեջ կա նաև վրաերթի ենթարկված։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր