Չավի. Համաձայն չեմ Մարադոնայի հետ. Մեսին վառ անհատականություն է
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին անհամաձայնություն է հայտնել արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային, որը ցածր էր գնահատել Լիոնել Մեսիի առաջատարի որակները Արգենտինայի հավաքականում:
«Համաձայն չեմ Մարադոնայի հետ: Մեսին անհավանական առաջատար է: Միգուցե, նա հանդերձարանում լուռ է, սակայն խաղադաշտում նա բացարձակ առաջնորդ է, միշտ պատրաստ է օգնել, նա վառ անատականություն է և երբեք չի խուսափում մարտահրավերներից:
Ինձ դուր չի գալիս, երբ նախկին ֆուտբոլիստները քննադատում են իրենց գործընկերներին: Ես միայն Մարադոնայի մասին չեմ խոսում:
Բազմաթիվ նախկին խաղացողներ, որոնք այժմ աշխատում են հեռուստատեսությունում և լրատվամիջոցներում, շատ ակտիվ են քննադատում իրենց գործընկերներին, թեպետ նրանք եղել են խաղադաշտում, և գիտեն բոլոր դժվարությունների մասին», ասել է Չավին: