211652_close_icon
views-count3893 դիտում article-date 16:32 18-10-2016

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումն ամփոփել է 3-րդ եռամսյակի արդյունքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները: Զորամիավորման հրամկազմի, ենթակա զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել և վերլուծվել են մարտական պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Ըստ ուղղությունների` հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Մանրամասն ներկայացվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության կազմակերպման, անվտանգության ապահովման կանոնների խստիվ պահպանման հարցերը: Զեկույցներում ներկայացվել են նաև ենթակա ստորաբաժանումներում անցկացված պլանային և հանկարծակի ստուգումների, հրամանատարական հավաքների, շտաբային մարզումների, տեսական և գործնական պարապմունքների, կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժանքների, զորավարժությունների ժամանակ արձանագրված ձեռքբերումներն ու լուծում պահանջող որոշակի խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցներն ու քննարկված հարցերը և փաստելով, որ զորամիավորման շրջանակում պատշաճ կերպով իրականացվել են պլանային և արտապլանային բոլոր միջոցառումները, ընդգծել է, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Նմանատիպ նյութեր