Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի գործով անցնողների դատավարությունը զրոյից է սկսում
                        Ստամբուլի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանը աննախադեպ որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով. նոր դատավարություն է սկսվում այդ գործով, հաղորդում է թուրքական Sabah օրաթերթը:
Թերթը նշում է, որ դատարանը հաշվի է առել Վճռաբեկ դատարանի տեքստը և որոշել նոր դատական գործընթաց սկսել մեղադրյալների և դատապարտվածների նկատմամբ: Այս անգամ մեղադրյալներին կներկայացվի հանցավոր խումբ ստեղծելու, այն ղեկավարելու, նրան մասնակից լինելու մեղադրանք: Ներկայիս մեղադրանքն ավելի ծանր է, քան նախկինում առաջադրվածը:
Բացի այդ, օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը բավարարել էր 9 պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելու մասին հայցը: Վերջիններս Հրանտ Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Նրանց մեջ են նաև Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ  Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգիերը և այլք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

