211652_close_icon
views-count8016 դիտում article-date 20:41 21-06-2014

Ինչպես մասնագիտություն ընտրել

Մասնագիտության ընտրությունը բավական բարդ խնդիր է: Այդ ընտրությունը հաճախ սխալ է կատարվում և մի քանի տարի բուհերում կամ քոլեջներում նստարան մաշելուց և ավարտական վկայական ստանալուց հետո միայն պարզվում է, որ այդ մասնագիտությունը պահանջարկ չունի, կամ այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել հնարավոր չէ, կամ մասնագիտություն ստացածը նախընտրում է զբաղվել բոլորովին այլ գործով: Առաջ այս հարցն այսքան բարդ չէր: Կաստայական համակարգում ամեն մարդ ծնված օրից գիտեր, թե ինքն ինչով է զբաղվելու, ինչ գործ է անելու: Միջնադարում այդ նորմը դեռ պահպանվում էր ընտանեկան ավանդույթների տեսքով: Օրինակ. եթե հայրը դերձակ էր, ապա որդին նույնպես դերձակ էր դառնում, այսինքն՝ շարունակում էր հոր գործը: Այս ավանդույթը գենետիկ հիմնավորում էլ ուներ: Մասնագիտական հմտությունները անցնում էին որդուն ժառանգաբար, գենով: Եվ որդին կարծես ողնուղեղով էր զգում հոր մասնագիտության նրբությունները: Հոր մասնագիտությունը կամ գործը շարունակելը նաև ընտանեկան պատվի հարց էր: Եթե որդին հրաժարվում էր ավանդաբար շարունակել հոր գործը, համարվում էր, որ որդին չի հարգում հոր մասնագիտական ավանդը: Այդ պատճառով ծնողին հարգող որդին, ինչքան էլ չուզենար շարունակել հոր գործը, այնուամենայնիվ դա անում էր, որպեսզի ընտանեկան պատիվը բարձր պահեր: Քաղաքացիա-ժողովրդավարական հեղափոխություններից հետո ընտրության ազատությունը տարածվեց նաև մասնագիտության ընտրության վրա: Մարդն այլևս ազատ էր մասնագիտություն ընտրելու հարցում: Դրանից, առաջին հերթին, օգտվեցին ցածրակարգ մասնագիտություն ունեցողների երեխաները: Հայրերը նույնպես փոխեցին իրենց պատկերացումները մասնագիտության ընտրության հարցում: Մարդիկ հավատում էին, որ բոլորը հավասար են, և ուրեմն իրավունք ունեն ազատորեն մասնագիտություն ընտրել, լավ մասնագետ դառնալ ու մեծ եկամուտներ ունենալ: Հովհաննես Թումանյանի հայտնի պոեմում ասվում է. «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք»: Սա չարչարանքներով ապրուստ վաստակող մարդկանց բաղձանքն էր, որի ենթատեքստում առկա է բարձր վարձատրվող և քիչ չարչարանք պահանջող մասնագիտության ընտրությունը: Բիձեքը հավատում էին, որ կաստայական պատկերացումների վերացումից հետո իրենց երեխաները իրավունք և հնարավորություն ունեն ավելի լավ աշխատանք ունենալու և լավ ապրելու, իրենցից լավ ապրելու: Ներկայում իրավիճակը շատ ավելի բարդ է: Հասարակական կարգի փոփոխություններից հետո աշխատանք ընտրելը դարձել է բարդ, երբեմն էլ անհնարին: Իսկ մասնագիտություն ընտրելու խնդիրը մնացել է նախկին պատկերացումներում: Սակայն ազատ աշխարհում այս խնդրին ուրջ ուշադրություն է դարձվում: Պատանիներին դեռևս դպրոցում պատրաստում են մասնագիտություն ընտրելուն, ուսումնասիրում են նրա նախասիրությունները, հոգեբանությունը, նրա մոտ առաջացնում են մասնագիտական հետաքրքրություններ, կազմակերպում փորձնական ծանոթություններ նախընտրելի մասնագիտության վարպետների հետ և այլն: Առանց այս նախապատրաստական միջոցառումների մասնագիտություն ընտրելու ժամանակ սխալվելը շատ հավանական է: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ [/b]

Նմանատիպ նյութեր