2041 դիտում
16:32 02-11-2016
Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:
Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է մոտենում:
«ԲՈՀ-ը` հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը, այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Ներկա անվանացանկում դրանք ներկայացված են համապատասխան ծանոթագրություններով: Այս գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական համակարգից, որն այսօր այլևս չի կարող գործել»,- նշել է Լիլիթ Արզումանյանը և հավելել, որ անկախության տարիներին անվանացանկն արդեն երրորդ անգամ է վերանայվում:
Լ. Արզումանյանի խոսքով՝ փոփոխությունների հետևանքով անվանացանկից շուրջ 40 մասնագիտություններ հանվել են՝ դրանք ներառելով հարակից մասնագիտությունների մեջ. «Մենք իրականում ոչինչ չենք կորցրել, որովհետև տեղի է ունեցել մասնագիտությունների խոշորացում: Այսինքն՝ մասնագիտությունները դուրս չեն մնացել, դրանք ընդամենը միավորվում են»,- ընդգծել է ԲՈՀ նախագահը: Նոր անվանացանկի հաստատումից հետո համապատասխանաբար սկսվել են նաև նոր մասնագիտական խորհուրդների հաստատումը՝ նոր սկզբունքներով. «Մենք այստեղ կիրառել ենք նոր մետեցում. յուրաքանչյուր գիտնական կարող է ընդգրկվել միայն մեկ մասնագիտական խորհրդում և միայն մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով մենք կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, և խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Արդյունքում մասնագիտական խորհուրդների կազմերը նկատելիորեն թարմացան, ընդգրկվեցին ավելի շատ թվով գիտնականներ, հատկապես երիտասարդներ»,- նշել է ԲՈՀ նախագահը՝ հավելելով,,որ նոր մասնագիտական խորհուրդների կազմերը փոքրաթիվ են՝ ընդամենը 9 գիտնական: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գիտությունների թեկնածուների համար սահմանվել է առնվազն 10 գիտական հոդվածի, իսկ դոկտորների համար վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 5 գիտական հոդվածի առկայության պահանջ:
Գործող կարգի համաձայն խորհուրդների ձևավորման համար գործում են հետևյալ չափանիշներ. թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն իրականացնելու համար մասնագիտական խորհրդի կազմում համապատասխան մասնագիտությամբ պետք է ընդգրկված լինեն առնվազն 3 գիտությունների դոկտորներ, դոկտորական ատենախոսության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 5 դոկտորի առկայություն:
Փոփոխությունների արդյունքում ներկայումս ձևավորվել են գիտության 22 բնագավառ՝ 44 ենթաբնագավառով, որոնցում ընդգրկված են մոտ 155 մասնագիտություններ: Անվանացանկի միակ նորությունը Գևորգյան ճեմարանում ձևավորված Աստվածաբանության մասնագիտական խորհուրդի ստեղծումն է: Առանձին դեպքերում պաշտպանությունների կազմակերպման համար համապատասխան գիտնականներ են հրավիրվում նաև արտերկրից:
Ասուլիսի ընթացքում ԲՈՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտային մի շարք խնդիրների :
Նմանատիպ նյութեր
7664 դիտում
21:31 05-10-2018
Լեզվակիր լինելը մասնագիտություն չէ, թարգմանիչ լինելն է մասնագիտություն. Նաիրի Գրեյս Բարդակջյան
971 դիտում
12:46 05-02-2014
Գիտական աստիճանաշնորհման համակարգը խստացման է գնում. Արմեն Աշոտյան
1034 դիտում
15:58 27-02-2015
Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները
Այս բաժնից
610 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1051 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1204 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա