211652_close_icon

Վտանգավոր իրավիճակ՝ Երևանում. Սասունցի Դավիթ 70/1 շենքում 3 տարի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ոչինչ չի ձեռնարկում՝ մահաբեր էլեկտրալարերը մոնտաժելու համար, ՀԷՑ-ի պատճառով եղել են նաև ողբերգական դեպքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5968 դիտում article-date 10:43 06-11-2025
Վերջին տարիներին Հանրապետությունում եղել են արտակարգ ու ողբերգական դեպքեր, որոնց դեպքերում պատասխանատվության և իր մեղքի բաժինն ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: 

Միայն այս տարի մի քանի ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, երբ քաղաքացին հոսանքահարվել է, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: 

Եղել են նաև դեպքեր, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անփութության պատճառով քաղաքացիներին պատճառվել են նյութական վնասներ, էլեկտրալարերի կարճ միացման ու պոկվելու պատճառով առաջացել են հրդեհներ, իսկ մի քանի դեպքերում էլ մարդկանց խոշոր եղջերավոր անասուններն ու ոչախարներն են էլեկատրահարվել ու սատկել: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավիթ 70/1 շենքի 2-րդ հարկում 3 տարուց ավելի է՝ էլեկտրալարերը մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար: 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց արդարացի զայրույթն էին ուղղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, ասելով. 

«3 տարի է՝ էս լարերը սարքելու համար ում ասես՝ դիմել ենք, 3 տարի է՝ ՀԷՑ-ը տունտունիկ է խաղում, հավանաբար սպասում են, որ մի դժբախտ դեպք լինի, որ նոր բարեհաճեն ու տեսնեն՝ ինչ են անում: 
 
Շատ ենք լսել ու տեսել, թե ինչքան մարդիկ են հոսանքահարվել ու մահացել:
 
Հիմա ի՞նչ՝ մի 3 տարի էլ սպասենք, թե երբ կբարեհաճեն, իսկ մինչ այդ երջանիկ պատահականություն է, որ մեր շենքում հոսանքահարման դեպք տեղի չի ունեցել:
 
Հիմա խնդրանքով դիմում ենք ՀէՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որ գոնե նա մի բան անի՝ էս խնդիրը լուծելու համար, խնդիր, որը 3 տարի է՝ մնացել է օդում կախված և 3 տարի է՝ ցուցաբերվում է քար անտարբերություն: 

Էրեբունու թաղապետարան էլ մի քանի անգամ տեղեկացրել ենք, պատասխանել են, թե դա իրենց լիազորությունների մեջ չի, նույն պատասխանը սպացել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գծից, որտեղից էլ ասել են՝ դիմեք ՀԷՑ»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր