211652_close_icon
views-count1750 դիտում article-date 13:01 06-06-2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ Արղության փողոցում, որը վարորդների համար դարձել էր պատուհաս, վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ սկսվել են հիմնանորոգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հունիսի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցում տևական ժամանակ փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, պատճառով վարորդներին անհարմարություններ պատճառելու մասին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին էինք փոխանցել բնակիչների արդարացի մտահոգությունները, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը դեռ ամիսներ առաջ հայտնել էր, որ Արղության փողոցը քաղաքապետարանի կողմից հիմնանորոգվելու է և դառնա եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհ, մինչդեռ քանի ամիս էր գործը տեղից չէր շարժվում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ Արղության փողոցից դեպի Մալխասյանց փողոց այդ պատուհաս դարձած ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են, որոնք տեղում ղեկավարում է վարչական շրջանի ղեկավարը։ 1-2 օրվա ընթացքում այդ ճանապարհը վարորդների համար կդառնա անցյալ ու ավտոմեքենաներն այլևս չեն վնասվի

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 22-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարկել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցի փոսերի մասին, այդ թվում՝ մարդաբոյ, որի պատճառով ամեն օր վարորդները ավտոմեքենաներ էին վնասում, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը խոստացել էր, որ այդ տարածքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ։

Հունիսի 2-ին Արղության փողոցի մոտ 1 կմ-անոց ճանապարհահատվածն ամբողջությամբ ասֆալտապատվել էր, սակայն մի փոքր հատված, որը Արղության փողոցը կապում էր Մալխասյանց փողոցի հետ, ժողովրդին հայտնի՝ դեպի Սլավոնական համալսարան տանող հատվածը, մի իսկական փորձադաշտ էր դարձել վարորդների համար։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում դեռ փետրվարին էր հայտնել, որ թաղապետարանի ֆինանսավորմամբ մեկ ամսվա ընթացքում, եթե իհարկե եղանակը չխանգարի, ամբողջ ճանապարհը վերջնական ավարտ կունենար, մինչդեռ արդեն 4-րդ ամիսն էր լրանում ու «սայլը տեղից չէր շարժվում», իսկ վարորդները ամեն օր նորից կոտրում էին ավտոմեքենաների թափարգելները, անվահեծանները, ընթացքում պայթում էին անվադողեր, նույնիսկ փոսերը փախցնելու պատճառով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Այդ ամենին գումարած Արղության-Մալխասյանց այդ մոտ 200-300 մետր ճանապարհի հարևանությամբ ապրող բնակիչներն էլ չէին համարձակվում դուռ ու լուսամուտ բացել, դուրս գալ բակ, քանի որ փոշին իր «սև գործն» էր անում։

Տան տնտեսուհիներն էլ չգիտեին, թե երբ կվերջանա այդ ճանապարհային փոշու մղձավանջը, որ կարողանան, ինչպես միշտ էին արել լվացքը դրսում փռել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով մայրաքաղաքում իրականացվում էին փոսալցման աշխատանքներ։

Ճիշտ է, այդ ամենը ժամանակավոր բնույթ էր կրում, քանի որ կային տեղեկություններ, որ օրերը տաքանալուց հետո մայրաքաղաքում մեծ թվով ճանապարհներ հիմնանորոգվելու են։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանի գլխավորությամբ սկսել էինփոսալցման աշխատանքներ մի քանի կարևորագույն փողոցներում։

Նույն վտանգավոր, փոսերով հարուստ ճանապարհներից մեկն էր նաև Արաբկիր վարչական շրջանի Արղության փողոցը, որտեղ փոսերն այնքան շատ են, որ նույնիսկ հաշվիչ մեքենայով չես կարող հաշվել։

Գրեթե ամեն օր այդ փոսերի, այդ թվում՝ «մարդաբոյ», պատճառով վարորդների ավտոմեքենաները կամ անվահեծաններն էին կոտրվում, կամ անիվներն էին պայթում, կամ թափարգելներն էին կոտրվում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներն օր է եղել՝ 10-ից ավելի վթարներ էին ձևակերպել Արղության-Մալխասյան փողոցներում, և վթարների պատճառը եղել էր «մարդաբոյ» փոսերը։

Լավ կլինի, որպեսզի Երևանի քաղաքապետի հանձնարարականն իրականացվեր նաև բավականին մեծ տրանսպորտային շարժ ունեցող Արղության փողոցում։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր