211652_close_icon
views-count844 դիտում article-date 11:37 21-11-2026

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և երկու տրոլեյբուսներ․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Այսօր՝ նոյեմբերի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։40-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուսները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների  հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Ժորա Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունները փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային  հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր