211652_close_icon
views-count760 դիտում article-date 14:09 21-11-2026

Ամբողջ գյուղը կհաստատի, որ քույրս անարդար է վարվում ու ճիշտ չի ասում «Էդ հողը մերը չի, էդ հողը Սաշիկինն ա», ով այդ տարածքը 30 տարի առաջ մաքրել է կենցաղային ու շինարարական աղբից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 20-ին SHAMSHYAN.com էր զանգահարել Ռիտա Հակոբյանը, ով ներկայացրեց Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող հողատարածքի շուրջ ստեղծված իրավիճակի իր վարկածը՝ հայտարարելով, որ, իր համոզմամբ, հողատարածքը տարիներ առաջ իրենց ընտանիքի կողմից տրվել է Սաշիկ Մելիքյանին՝ որպես երախտագիտություն վերջինիս մատուցած օգնության համար, և իրենք երբևէ այդ հողի շուրջ որևէ խնդիր չեն ունեցել։

Նա ասաց․

«Ստելլա Հակոբյանը քույրս ա։ Մենք Սաշիկենց հետ երբեք խնդիր չենք ունեցել։ Մենք մի ընտանիք ենք եղել։ Պապաս իրանց մեծ ախպոր քավորն ա, իրանք էլ իմ երեխու քավորն են։ Մենք նման հարաբերությունների մեջ ենք եղել։ Երբ որ պապաս շատ լուրջ առողջական խնդիրներ ունեցավ, գնաց Մոսկվա բուժվելու էդ ժամանակ Սաշիկը մենակ պապայիս ձեռք բռնեց, շատ-շատ մեծ օգնություն արեց։ Երբ որ պապաս բուժվեց, եկավ, էդ հողը ամայի հող էր։ Հետո մոտ 25 տարի առաջ պապաս Հայաստանից գնաց Օրենբուրգ՝ այնտեղ ապրելու։ Մեզ էլ ասաց, որ մենք այդ հողի հետ գործ չունենք ու որ այն պետք է մնա Սաշիկին ու նա տնօրինի, էդ իրանն ա։ Հետո ես զանգեցի հորս, ասեցի՝ էդ հողերը հարկեր ունեն տարիներով կուտակված հարկեր են։ Հայրս ասեց՝ էդ հողը էլ մերը չի, թող Սաշիկենք ինչ ուզում են անեն, հարկերը մուծեն, ուզում են ծախեն։ Պապաս Հայաստան ա եկել 2009 թվականին, երբ ես իմ տղուն կորցրի։ Էդ ժամանակ էլ պապաս Սաշիկին ասեց՝ գնանք հողը փոխենք ձեր անունով, Սաշիկն ասեց՝ ախպեր, թող տենց մնա, հիմի դրա վախտն ա։ Էդ ժամանակ էլ իրանք չուզեցին հողը հանեն մեր անունից։ Մամաս էլ, ես էլ ասում էինք՝ էդ հողը իրաննա»։

Ռիտան անդրադարձել է նաև Ալբերտ Մելիքյանին՝ ասելով.

«Ալբերտիկին էլ ոնց որ ճանաչում եք։ Կյանքում Ալբերտիկը՝ Սաշիկի տղեն, երբեք տենց բաների ընդունակ չի, որ ասի՝ քո տղուն կյանքից կզրկեմ։ Իմ քույրը դժվար կյանքի պատճառով շատ ագրեսիվ, չարացած ա, ոչ մեկի հետ չի շփվում։ Մամայիս հետ էլ չի խոսում, եղբորս հետ էլ չի խոսում, մեր հետ ոչ մեկի հետ չի խոսում։ Ինքը կյանքից չարացած ա ընդամենը, դրա համար էլ նման բաներ ա ասել։ Էդ հողը մերը չի, էդ հողը Սաշիկինն ա։ Էդ մարդը մեզ այնպիսի լավությունն ա արել, որ անգամ էդ հողը իր լավության դիմաց չնչին բան ա։ Էս ամենը միայն մեր քրոջ՝ Ստելլայի ստեղծագործությունն է, նման բաներ իրականում չի եղել ու հա ինչքան էլ էդ հողը թղթով մերն ա, մեկ ա այն պատկանում է Սաշիկին՝ արժանի մարդու, իսկ քրոջս էլ խորհուրդ կտամ, որ քիչ բանսարկություններ անի մեր վրա ու իրա գործերին լինի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել էր շորթման դեպք, որին առնչություն է ունեցել քրեական հեղինակություն՝ այսպես կոչված «օրենքով գող»։

Ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ Օշական գյուղում հաշվառված 48-ամյա Ստելլա Հ.-ի նկատմամբ շորթում է կատարվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա հոր մահից հետո 2018 թվականին Օշական գյուղում գտնվող 11 հազար մետր մակերեսով վարելահողը ժառանգությամբ անցել էր Ստելլա Հ․-ին, նրա մորը և քրոջը, այնուհետև քրոջ մասնաբաժինը լիազորագրով անցել էր Ստելլա Հ․-ին, ինչի համար կա կադաստրային ծածկագիր։ Այն շուրջ 20 տարի շարունակ անօրինական կերպով տնօրինել և տիրապետել էր քրեական հեղինակություն հանդիսացող «թուրք» մականվամբ՝ Օշական գյուղի բնակիչ 70-ամյա Սաշա Մելիքյանը։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել էր, որ Ս. Մելիքյանը օրենքով գող «Օշականցի Գևորիկի» մականվամբ Գևորգ Մելիքյանի եղբայրն է։

Պարզվել էր, որ Ս․ Մելիքյանը Ստելլա Հ․-ի հոր մահից հետո նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շինություն և այն մարդկանց կողմից ստացել է «Թուրքի պիվնոյ» անունը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այս տարվա մարտից Ստելլա Հ.-ին են զանգահարել նրա քույրը, քրոջ ամուսինը և փորձել են համոզել, որպեսզի կադաստրային ծածկագրով հողատարածքը նա տա Ս․ Մելիքյանին, սակայն մերժում ստանալով՝ Ստելլա Հ.-ի հեռախոսին տարբեր հեռախոսահամարներով զանգահարել է Ս․ Մելիքյանի որդին՝ Օշականի բնակիչ 37-ամյա Ալբերտ Մելիքյանը, անգամ սպառնացել է, որ «հողը պետք է տա հորը, եթե ոչ, ապա գիտի, որ որդին՝ Սոս Հ․-ն, ազատազրկման մեջ է, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի «Կրեստ» քրեակատարողական հիմնարկում, գիտի իրենք ով են և ինչ կարող են անել գաղութում նրա որդու հետ։ Եթե չի ուզում խփել տա, ապա պետք է հողը տա Ս․ Մելիքյանին»։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր