211652_close_icon
views-count295 դիտում article-date 12:22 20-11-2026

Վրաերթ՝ Արարատի մարզում. Մասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին. օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել մեկին Մասիսի, մեկին «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո «Dodge»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, սակայն «Opel»-ի վարորդը հրաժարվել է Պարեկային ծառայությունից՝ ասելով, որ ինքը չի տուժել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր