Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ նախկին «ՀԷՑ»-ի տեղադրված, այսպես ասա «թքած-կպցրած» էլեկտրասյունը Առինջ գյուղում տապալվել ու ընկել է բնակչի ավտոմեքենայի վրա, կոտրվել են նաև գազախողովակներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Առինջ գյուղի թիվ 25 փողոցում բետոնե էլեկտրասյունը, առանց արտաքին միջամտության, տապալվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյունը ընկել է ճանապարհին կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասել է նաև գազախողովակները և կտրել էլեկտրական լարերն ու ինտերնետի մալուխը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտ հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ու ոստիկանության Կոտայքի համայնքային բաժնի հերթապահ խումբը։
Ահազանգով ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Այս պահին էլեկտրացանցի աշխատակիցները արդեն ձեռնամուխ են եղել տապալված էլեկտրասյունը նորով փոխարինելու աշխատանքներին, որպեսզի հետո կատարեն էլեկտրալարերի միացման աշխատանքներ։
Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացուն պատճառված վնասը, մնացել է օդում կախված։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված սյունը տեղադրվել է դեռ 10 տարի առաջ ու ամենափնթի ձևով։ Բնակիչները նշում են, որ խորությունը հազիվ 30 սմ է, և իրենք նախկին ՀԷՑ-ի աշխատակիցներին վաղուց դիմել են այս խնդրով և զգուշացրել, որ հնարավոր է ամեն պահի սյունը տապալվի, իսկ նրանք դարակազմիկ պատասխան են տվել, թե չի լինի, որ ընկնի, կգանք, մի բան կանենք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։