211652_close_icon

Երևանի Թևոսյան փողոցում «Վեոլիա Ջրի» ստեղծած ու վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհը ասֆալտապատվեց ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և սրտացավ վարորդների հետևողական աշխատանքի շնորհիվ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1141 դիտում article-date 20:59 22-11-2025
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Երևանի Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին մարդաբոյ փոսի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների և փոսում հայտնվելու հետևանքով տուժած վարորդների ահազանգի մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պատուհաս դարձած փոսի «կնքահայրը» ոչ թե Երևանի քաղաքապետարանն է, ինչպես ֆոտոլրագրողին հայտնել էին տուժած մեքենաների վարորդները, այլ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, և հենց այդ ընկերության աշխատակիցներն էին աշխատանքը կատարել թերի։

Եվ միայն Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի երեկ Երևանի քաղաքապետին կատարած ահազանգից հետո, քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ այսօր «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավականին օպերատիվ արձագանքեց քաղաքապետին և ժամերի ընթացքում ասֆալտապատեց արդեն վթարներով հարուստ դարձած փոսը։

Լավ կլինի, որպեսզի «Վեոլիա Ջուր»-ը նման աշխատանքները կատարի օպերատիվ, որպեսզի չարժանանա վարորդների «քաղցր» խոսքերին, կամ էլ չսպասի, թե երբ է Երևանի քաղաքապետարանը իրենց հիշեցնելու, որ պարտավորությունները պետք է կատարել անթերի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որոնք կատարվում են ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։ Ողջունելի էր, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում էին իսկական պատուհաս։

Նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել էին Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել էին, և վարորդները ավտոքարշակով էին վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել էին դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի էր այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր էր՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենար։

Ավելին` այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված` Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։
Նշված վայրով իր ավտոմեքենայով անցնում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը, որը, ի դեպ, ամրակապված էր։ Նա հենց տեղում կապվել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի վերջինս իր հսկողության տակ վերցներ և արագ վերացներ վարորդների համար պատուհաս ու խոչընդոտ դարձած փոսը։

Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկներն ու քաղաքացիները հարցի ժամանակավոր լուծում էին գտել՝ անվադողի վրա փաթաթել էին ոստիկանության լուսանդրադարձող ժապավեն և տեղադրել փոսի վրա, իսկ պարեկներն էլ այդ հատվածում իրականացրել են ծառայություն, մինչև Երևանի քաղաքապետարանը խնդիրը կվերացնի։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր