211652_close_icon
views-count2053 դիտում article-date 15:56 07-04-2026

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի արձագանքը չուշացավ. սովետական տարիներից եղած, ամեն պահի տապալվող էլեկտրասյունը, որը բնակիչների համար դարձել էր «մահվան ուղեգիր», փոխարինվեց նոր բետոնե էլեկտրասյունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ապրիլի 5-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որի միջոցով Աբովյան քաղաքի Էլլարի 7-րդ փողոցի խնդրանքն էինք փոխանցել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջիններս իրենց փողոցի բնակիչներին փրկեն դեռ սովետական տարիներից տեղադրված, սակայն դարն ապրած, ամեն պահի տապալվելու վտանգի առաջ գտնվող բետոնե, փայտե էլեկտրասյունը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 7-ին, արդեն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցները ժամանել էին նշված վայր՝ իրենց հետ բերելով բետոնե նոր էլեկտրասյունը։

Մի քանի ժամ շարունակ ՀԷՑ-ի Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ բնակիչների խնդրանքն ի վերջո ի կատար ածվեց։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ՀԷՑ-ը ոչ միայն նոր բետոնե սյունը տեղադրեց, այլ նաև ամբողջությամբ փոխեց քայքայման եզրին գտնվող էլեկտրալարերը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն իրենց խոսքում ասում էին. «Ճիշտն ասած դեռ ԽՍՀՄ տարիներից էլեկտրասյունը կար, սակայն վերջին տարիներին այն ամբողջությամբ արդեն հիմքից քայքայվել էր, բետոնե հատվածը քրքրվել էր, իսկ դրա վրա տեղադրված փայտե հատվածը՝ փտել։ Մի թեթև քամի էր լինում, մեզ թվում էր կտապալվի ու դրա պատճառով կվնասվեն գազախողովակները, բնակիչների տան տանիքները, կկտրվեն էլեկտրական և ինտերնետ լարերը։ 

Ճիշտն ասած այսօր անակնկալի եկանք, երբ տեսանք, որ ՀԷՑ-ի Աբովյանի տղաները տեխնիկայով, նոր բետոնե էլեկտրասյունով ու էլեկտրական լարերով այցելեցին ու սկսեցին իրենց գործն անել։ Գործ, որն իրականացվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի շնորհիվ։ Հիմա շատերը կարող են ասել, թե ՀԷՑ-ի գովքն ենք անում, դա այդպես չէ։ Մեր աչքի տեսածն ենք հայտնում, որ ՀԷՑ-ը 1-2 օրվա ընթացքում 100-ից ավելի բնակիչների խնդրանքը իրականացրեց։ Եվ եթե մենք խնդրում էինք միայն բետոնե սյունը փոխել, ապա նրանք և դա արեցին, և արդեն դարն ապրած էլեկտրալարերը փոխեցին, ու որ ամենակարևորն է՝ ՀԷՑ-ի շնորհիվ արդեն ապահով ենք, այն վախն այլևս չկա, թե մի թեթև քամի ու փտած էլեկտրասյունը կտալակվի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին ամիսներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, հանրապետությունում բազմաթիվ, այդ թվում՝ մահաբեր ու դարն ապրած, փտած էլեկտրասյուներ փոխարինել է նոր, ավելի ամուր բետոնե էլեկտրասյուներով, ակնհայտ է։

Հանրապետությունում այնքան շատ են այդ վտանգավոր՝ քամու ժամանակ ճոճվող և ամեն պահին տապալվող էլեկտրասյուները, որ երևի թե մի քանի տարի կպահանջվի դրանք ամբողջությամբ նորերով փոխարինելու համար։

Սակայն կան էլեկտրասյուներ, որոնք պետք է օր առաջ փոխարինել նորերով։

Ապրիլի 5-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյան խոշորացված համայնքի Էլլարի 7-րդ փողոցի 20-ից ավելի տների բնակիչները ասում էին․ «Մեր փողոցում վտանգավոր այս բետոնե սյունը, որին ամրացված են փայտե գերան սյուներ, ամեն մի փոքր քամու դեպքում այնպես է ճոճվում, որ թվում է՝ հիմա կընկնի։ Քանի անգամ դիմել ենք Աբովյանի քաղաքապետարան, նախկին քաղաքապետերը խոստացել էին, որ հարցը կլուծեն, կմիջնորդեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի գործը գլուխ հանեն, բայց արդեն երկար տարիներ է՝ ոչ մի առաջընթաց չկա։ Երևի սպասում են, որ տապալվի, նոր մի բան անեն։

Բայց չգիտեն՝ եթե տապալվեց, իսկ դրա հավանականությունը մեծ է, կկոտրվեն էլեկտրասյան տակով անցնող գազախողովակները, կկտրվեն էլեկտրական լարերը, ինչու չէ՝ նաև, գերան է, մեկ էլ տեսար՝ ընկավ մեկի տան վրա, ու այդ ժամանակ երանի կտանք, որ այդ արտակարգ դեպքի հետևանքով զոհեր և վիրավորներ չլինեն։ Մենք լսել ենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին ամիսներին հսկայական գործեր է արել՝ շատ դարն ապրած էլեկտրասյուները հեռացնելու և դրանց փոխարեն նոր, ավելի ամուր բետոնե սյուներ տեղադրելու ուղղությամբ, այդ թվում՝ մեր Աբովյան քաղաքում։

Հիմա խնդրանքով դիմում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի մեր փողոցում գտնվող այս էլեկտրասյունը նույնպես փոխարինվի բետոնե էլեկտրասյունով»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր