211652_close_icon
views-count1234 դիտում article-date 11:16 19-03-2026

Վաղարշապատ քաղաքի 2-րդ թաղամասի բնակիչներն ասում են. «30 տարի խնդրել ու համբերատար սպասել ենք՝ երբ են փողոցներում վերանալու փոշին ու ցեխը, շտապօգնությունը չի կարողանում հասնել հիվանդներին՝ ասելով՝ դուք մոտեցրեք գլխավոր ճանապարհ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 18-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի 2-րդ թաղամասի Արամ Մանուկյան և հարակից փողոցների բնակիչները խնդրանքով դիմում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին, որ գոնե իրենք միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այս թաղամասում, որտեղ բնակչության թիվը օր օրի ավելանում է, կատարեն ասֆալտապատման աշխատանքներ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30 տարի է՝ ամեն անգամ ինչ քաղաքապետ որ լինում է, բոլորը խոստանում են, որ փողոցներում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքներ։ 30 տարի է՝ մենք ինչքան հնարավոր է հարևաններով միացել, մեր ուժերով քերած ասֆալտ ենք ձեռք բերել ու փորձել ենք դրանով կատարել փոսալցման աշխատանքներ։

Հիմա մենք չենք բողոքում, պարզապես խնդրում ենք, որպեսզի մեր փողոցներն էլ փրկեն էդ փոսերից։ Փոսեր, որ երբ եղանակը անձրևում է կամ ձյուն է լինում, ամբողջությամբ վերածվում է «ցեխի արտադրամասի», իսկ ամառները վերածվում է «փոշու շտեմարանի»։ Մենք էլ ենք ուզում 21-րդ դարում ունենանք էնպիսի ճանապարհներ, որ երեխաները մանկապարտեզ ու դպրոց գնալիս չցեխոտվեն, որ երբ ահազանգ ենք տալիս շտապօգնություն, շտապօգնությունը չասի՝ ձեր փողոցի փոսերի պատճառով չենք կարող մոտենալ, դուք բուժառուին բերեք գլխավոր ճանապարհ, իսկ եթե մոտենում են  բավականին մեծ դժվարությամբ, մենք այնտեղից կտեղափոխենք հիվանդանոց։ Տաքսիների մասին էլ խոսք չկա, պատվիրում ես հենց լսում են 2-րդ թաղամաս  պատասխանում են մենք շոշի վրա կսպասենք դուք մոտեցեք։Հիմա լսել ենք, նաև տեսել ենք թե Արմավիրի մարզում ինչքան ճանապարհներ են ասֆալտապատվել։ Միթե պիտի այս անգամ էլ մեր խնդրանքը անտեսվի։ Իսկ մենք շատ բան չենք ուզում՝ ունենանք բարվոք ճանապարհներ։ Իսկ դրա համար բոլոր հնարավորությունները կան։ 

Նորից ենք ասում,մենք չենք բողոքում, մենք պարզապես որպես ձեր ասած ՀՀ հպարտ քաղաքացի, ուզում ենք այդ խնդիրը լուծվի, ինչպես որ շնորհիվ Վաղարշապատի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների, իդեալական լուծված է աղբահանության հարցը»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեկ բնակիչներով տրակտորով հող էին բերել ու լցրել փոսերի մեջ, սակայն դա հարցի լուծում չէ, քանի որ անձրևի գալուն պես այդ փոսերը նորից կբացվեն ու կրկին բնակիչների, այդ թվում՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցողների, հաշմանդամների համար կդառնան մի իսկական պատուհաս։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր