211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկները և իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count35556 դիտում article-date 21:18 24-07-2025
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Սամվել Ումրշատյանն ու Վահե Ստեփանյանը վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր