211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում․ վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել պարեկները և ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4711 դիտում article-date 10:33 09-07-2025
Երեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Միշա Հակոբյանը և Ջանիկ Գևորգյանը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու նախ մարել են մեքենայի սրահում առաջացած կրակը, որը ըստ նախնական տեղեկությունների առաջացել է գազի արտահոսքի հետևանքով, այնուհետև փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայրը սահմանազատել և ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանը և Սևակ Գրիգորյանը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր