211652_close_icon
views-count62601 դիտում article-date 09:40 02-12-2022

Երեկ Կոտայքի մարզում ավիաաղետի հետևանքով մոխրակույտի վերածված B-55 տիպի ինքնաթիռը Սլովակիայի հանրապետությունում գրանցված ընկերություններից մեկինն է, մահացած օդաչուներն էլ ՌԴ քաղաքացիներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնում էլ նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի վարչական տարածքում B-55 տիպի ինքնաթիռի ավիավթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեր տեղեկություններով՝ զոհվածները օդաչուներ են՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 43-ամյա Ալեքսեյ Պրոցենկոն և 39-ամյա Վիտալի Ռոգատկինը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մոխրակույտի վերածված ինքնաթիռը պատկանում է Սլովակիայի հանրապետությունում գործող ավիաընկերություններից մեկին։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Ջրաբերի ավազահանքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ 

Վթարի է ենթարկվել B55 տիպի ինքնաթիռը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ինքնաթիռում առաջացած հրդեհը, սակայն այն մի քանի մասերի է բաժանվել և վերածվել մոխրակույտի։

Հրշեջները ինքնաթիռի մոտ հայտնաբերել են 2 մոխրացած դի։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ Արթուր Զոհրաբյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնաթիռը Երևանից թռչում էր Աստրախան։

Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ու ավագ դատախազ Էդմոն Գրիգորյանը։ 

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արշակ Շահնազարյանի, Գրիգոր Դալլաքյանի և Հովհաննես Թաթոյանի գլխավորությամբ։

Մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Ա. Շահնազարյանը, ում կողմից էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 255+
255+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր