211652_close_icon
views-count42744 դիտում article-date 14:42 21-05-2018

Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Կոտայքի մարզում Արցախյան պատերազմի մասնակիցն իր ընտանիքով, այդ թվում՝ 4 անչափահաս երեխաներով, հայտնվել է դրսում. պատճառը մոխրակույտի վերածված վագոն-տնակն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի ծայրամասում գտնվող բնակելի վագոն-տնակում խոշոր հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Տիգրան Թորոսյանի և տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ։ Հրշեջները գյուղացիների հետ պայքարում էին կրակի տարածման ու մարման դեմ, սակայն կրակն ամբողջովին վագոն-տնակը ողջ գույքով վերածել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նշված վագոն-տնակը պատկանում է ամուսիններ՝ 52-ամյա Դարվին Ղազարյանին և 43-ամյա Գայանե Ղազարյանին, իսկ թե ինչից է առաջացել կրակը, դեռևս պարզ չէ»։ Գյուղացիները նշում էին նաև, որ ընտանիքի հայրն Արցախյան պատերազմի մասնակից է եղել և առողջական խնդիրներ ունի։ Մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ երեխաները դպրոցականներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ, ու այս պահին նրանց օգնում են հարևանները, սակայն դա հարցի լուծում չէ. խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքին։ Առաջին պահից տեղում է եղել նաև Նոր Արտամետի գյուղապետ Յուրի Հովհաննիսյանը, սակայն գյուղապետարանն այդքան միջոցներ չունի, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին։ Կատարվածի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով արդեն հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները զբաղվեն խնդրով ու տուժած գյուղացուն չթողնեն անօգնական վիճակում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր