211652_close_icon
views-count104434 դիտում article-date 09:02 19-09-2022

Խոշոր հրդեհ Երևանում․ Սևանի փողոցում կրակը մոխրի է վերածել 2 տուն, հայտարարվել է ԲԻՍ 1, մարդիկ հայտնվել են փողոցում, ժամանել են հրշեջների մի քանի հաշվարկ ու Շենգավիթի թաղապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ ժամանել  է նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 2 մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 03։10-ին։

Այրվել են Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը (մոտ 130 քմ), հարևանությամբ գտնվող տունը (40 քմ) և տանը կից խորդանոցը (մոտ 15 քմ)։

Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։

Տեղում հրշեջների աշխատանքները ղեկավարում էին ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ  փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հարությունյանն ու Հենրիկ Հովհաննիսյանը, որպեսզի, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, և բժիշկները տեղում օգնություն էին ցուցաբերում մի քանի քաղաքացիների։

Հրդեհի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով բնակիչների հետ զրույցում հայտնեց, որ թաղապետարանը ամեն ինչ կանի, որպեսզի փողոցում հայտնված բնակիչները իրեց միայնակ չզգան և տեղում  աշխատակիցներին հանձնարարեց, որպեսզի, առաջին հերթին, լուծեն փողոցում հայտնված 2 ընտանիքների, որոնց անդամների մեջ կան անչափահասներ և տարեցներ, ժամանակավոր կացարանի հարցը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ հրդեհի հիմնական պատճառը փողոցում եղած փայտե էլեկտրասյան վրայով անցկացված բազմաթիվ, իրենից վտանգ ներկայացնող էլեկտրալարերն են. ոչ գազից է առաջացել հրդեհը, ոչ է քաղաքացիների անզգուշությունից. «Բազմիցս դիմել ենք էլեկտրոցանցին, այդ թվում՝ տեսուչներին, որպեսզի վերացնեն խնդիրը, բայց ոչ մի օգուտ։ Էլեկտրասյան ու տան տանիքների վրայով էնքան շատ լարեր են անցնում, ասես սարդոստայն լինի։ Մի փոքր քամի, լարերը կպնում են իրար, ու կրակն ու հրդեհը պատրաստ են։ Անգամ գիշերները էլետրաէներգիան անջատում ենք, որ նման բան տեղի չունենա։ Խնդիր է նաև «Վեոլիա Ջուրը». գիշերը, ժամը 23։30-ից ջրամատակարարումը դադարում է, իսկ եթե ջուր լիներ, մինչև հրշեջների ժամանումը, ովքեր շատ օպերատիվ են ժամանել, մենք բնակիչներով կրակը կհանգցնեինք։ Հիմա չգիտենք՝ ով է փոխհատուցելու վնասները, իսկ որ դրա մեղավորը «Հայաստանի էլետրական ցանցեր» ընկերությունն է, դա ակնհայտ է։ Անզեն աչքով էլ երևում է, որ էլեկտրասյունն ու տան տանիքների վրայով անցնող լարերը իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար»։ 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր