211652_close_icon
views-count1264 դիտում article-date 11:25 25-04-2026

Արմավիրում 30 տարի «մարդաբոյ» փոսերով հարուստ Աբովյան փողոցում շատ հաճախ քաղաքացիները վիճաբանության մեջ են մտնում հրշեջների ու շտապօգնության մեքենաների վարորդների հետ. բնակիչներն ասում են՝ մարզպետներն ու քաղաքապետները օդ դուրս եկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Արմավիր քաղաքի Աբովյան փողոցը, որի երկարությունը մոտ 3 կիլոմետր է, 30 տարուց ավելի է հետիոտների համար դարձել է խրամատներ հիշեցնող ճանապարհ, իսկ անձրևային օրերին այդ ճանապարհը պետք է անցնեն նավակներով, ձմռանն էլ այն հիշեցնում է այսբերգների, որոնք ոչ միայն իրենք են մեծ դժվարությամբ հաղթահարում, այլ նաև վարորդները։ Գրեթե ամեն օր անտանելի վիճակ է, գարնանն ու ամռանը՝ փոշին, աշնանը՝ անձրևը, ձմռանը՝ ձյունը, բազմաթիվ անհարմարություններ են ստեղծում վարորդների ու հետիոտների համար։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ճանապարհի վրա են գտնվում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, Տիգրան Մեծ վարժարանը, զինվորական կացարաններն ու հանրակացարանները, փողոցի ձախակողմյան հատվածում գործում է նաև ջրաշխարհ, ու 30 տարի է՝ ինչքան Արմավիրում մարզպետ ու քաղաքապետ փոխվեց, բոլորը խոստանում էին, որ ճանապարհը կբարեկարգվի, կտեղադրվի արտաքին լուսավորություն ու մարդիկ հույսով, հավատով սպասել են, որ մի օր էլ Աբովյան փողոցով առանց փոշի կուլ տալու, առանց ավտոմեքենաներ ջարդելու կերթևեկեն, բայց այդ ամենը դատարկ ու սին խոստումներ են եղել։

Երեկ՝ ապրիլի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին.

«Էս որ դարն է, կրակն ընկա՞նք, որ սա Արմավիր քաղաքի կենտրոնական մասերից չէ։ Բայց չէ որ տարեցտարի բնակչության թիվն այս հատվածում ավելանում է։ Պատկերացնո՞ւմ եք, եղել են անգամ տհաճ միջադեպեր, թե հրշեջների, թե շտապօգնության մեքենաների հետ, զանգում ենք հրշեջ ծառայություն, ասում՝ էսինչ տեղը հրդեհ է, խեղճ հրշեջը էս մարդաբոյ փոսերի միջով մինչև հասնում է, էդ տնից էլ բան չի մնում, լրիվ մոխիր է դառնում։ Շտապօգնությունը մինչև էս փոսերով անցնում է ու հասնում բուժառուի տուն, բուժառուի համար կատաֆալկա ենք կանչում։ Քանի քաղաքապետ փոխվեց, բոլորն էլ ձեռք բերեցին «Պահանջվում է ստախոս» սիրված կատակերգությունից հայտնի Փչան Թոդորոսի անունը։ Թոդորոսը գոնե գիտեր՝ ում է խաբում։

 Բա 30 տարի էս բնակիչներին մատի վրա խաղացնեք, հետո ասեք՝ ընտրեք մեզ։ Ընտրությունն արդեն թակում է մեր դռները, ինչ երեսով եք գալու ու ձայն խնդրելու, թե նորից ձեր ուղեղների չիխի մեջ ձայնագրված բառերն եք ասելու՝ առաջիկա օրերին ասֆալտապատումը կսկսվի։ Նույնիսկ փոսալցում չեք անում, մենք ո՞նց հավատանք, որ 2000-ից ավելի բնակիչների կփրկեք էդ փոշուց, որ երբ շտապօգնություն ու հրշեջ ծառայություններ զանգենք, նրանք արագ հասնեն, այլ ոչ թե մի հատ էլ քարշակ կանչենք, որ էդ փոսերի պատճառով անվահեծանները կոտրած շտապօգնության մեքենաները տեղափոխեն։

Մեր նախկին մարզպետ ու քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը երբ նշանակվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ուրախացանք, ասացինք՝ հիմա ավելի շատ լծակներ ունի ու հաստատ մեր փողոցն էլ եթե ասֆալտապատում չանի, գոնե փոսալցումն իրականություն կդառնա։ Բայց հիմա համոզվեցինք, որ նա էլ ավելի շատ շոու է անում, քան գործ։

Հիմա ոչ նրան ենք հավատում, ոչ մարզպետին ու քաղաքապետին։

Եթե մի բան արվի, ապա դա միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում։ Էնպես որ, հարգելի Արմավիրի մարզի մարզպետ ու քաղաքապետ, զբաղվեք իրական գործով, այլ ոչ թե սուտ ու դատարկ խոստումներ տալով։ Միշտ հիշեք՝ դուք հավերժ չեք ձեր պաշտոններում։ Այնպես աշխատեք, որ երբ ձեզ ազատեն կամ դուք ազատվեք պաշտոնից, Արմավիրում քայլելիս բաց աչքերով նայեք ձեր դիմացինին, այլ ոչ թե ման գաք գլխիկոր»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր