211652_close_icon
views-count714 դիտում article-date 15:56 06-08-2022

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի և բակային տարածքների բացման արարողություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:


80-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով:

Նախագծի շրջանակում կատարվել են ամրացման, ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, ամբողջությամբ արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:

***
Շենգավիթում հարմարավետ միջավայր է ստեղծվում նաև բակային տարածքներում: Վեցում աշխատանքներն արդեն ավարտվել են: Ծրագրի հարցում մոտեցումը հստակ է՝ ընտրված է համաչափ զարգացման սկզբունքը:

«12 բակ ևս առաջիկայում վերանորոգման համար կդրվի մրցույթի: Ընտրել ենք այնպիսի տարածքներ, որոնք տասնամյակներ շարունակ երբևէ չեն հիմնանորոգվել: Աշխատանքները միտված են համաչափ զարգացման մեր որդեգրած քաղաքականությանը, որպեսզի բնակիչները տեսնեն ու զգան, որ հերթը հասել է նաև իրենց բակին, այլ ոչ թե միայն Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքներն ենք բարեկարգում: Մենք, ըստ էության, կյանքի ենք կոչում մեր նախընտրական խոստումը»,- նշել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Զրուցատաղավարներ, նստարաններ, մանուկների համար հատուկ գորգերով խաղահրապարակներ, ճեմուղիներ ու կանաչ գոտի: Փուլ առ փուլ իրականացվող ծրագրերի շրջանակում տասնյակ ավտոտնակների, ինքնաշեն կառույցների ու զավթած տարածքների փոխարեն բակերը դառնում են հանգստի հարմարավետ գոտիներ:

«Մենք բակերը պետք է վերադարձնենք բնակիչներին, իհարկե, շատ դեպքերում հենց բնակիչների կողմից են բակերում տարբեր շինարարական աշխատանքներ կատարվել, ավտոմեքենաների համար տարածքներ են կառուցվել: Մենք հաստատակամ առաջ ենք շարժվում, այս տարի աննախադեպ քանակությամբ բակեր կբարեկարգենք ամբողջ Երևանում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երեխաների առօրյան լավ միջավայրում անցնի»,- նշել է քաղաքապետը:

Տրամադրող միջավայրն ու բարեկարգ բակը յուրահատուկ տրամադրություն են ստեղծում բնակիչների հանգստի համար: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսուհետ համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր