211652_close_icon
views-count13960 դիտում article-date 15:59 08-11-2016

Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական արդիականացված կենտրոնի և հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողություններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը: Հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, Երևանի քաղաքապետի, Առողջապահության նախարարի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի ու մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին և կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ: Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում։ Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրից ժամանած հիվանդները: Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գտնվել նաև հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր: Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին: Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր