211652_close_icon
views-count62217 դիտում article-date 14:31 28-12-2021

Սպանություն Կոտայքի մարզում. Չարենցավանում իր տանը հայտնաբերել են «Նարե» համատիրության աշխատակցուհու դին՝ պարանոցի մասում կտրած հետքով. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը և դատախազը

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:55-ի սահմաններում Չարենցավան բժշկական կենտրոնից ոստիկանության  Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան  3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան,  որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության  Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Չարենացավանի բաժնի պետ Արտակ Ասատրյանը և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Պետրոսյանը:

 Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  ժամանել է  նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը:

Ոստիկանները նշված  թաղամասի  4-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 64-ամյա Ալվարդ Ս.-ի դին՝ ննջասենյակի հատակին պարանոցի հատվածում կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ  Կոտայքի մարզային քննչական վարչությունում  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Չարենցավան քաղաքի «Նարե» համատիրությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են  անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան  և հանցագործության  գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր