211652_close_icon
views-count1386 դիտում article-date 21:19 13-12-2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ութ նոր կոնտրաբաս է ձեռք բերել

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս:

Նվագախմբից հայտնում են, որ գործիքներն այնքան սպասված և անհարժեշտ էին, որ Ֆիլհարմոնիկի երաժիշտներն իրար հետ խոսելիս ասում են, թե դեռ քառասուն տարի առաջ՝ դիրիժոր Վալերի Գերգիևի օրոք, խոստացել էին նոր կոնտրաբասեր գնել ու այդպես էլ խոստումը իրականություն չէր դարձել:

Գործիքները գնվել են Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերի և Հայաստանի բարեգործական ընդհանուր միության աջակցության շնորհիվ:

Պադարյանը նշում է, որ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողերի, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթացը, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասերը: Հայաստանում կարելի է ասել՝ այդ գործիքը «կարմիր գրքում» է գրանցված: Գիտակցելով, որ առանց որակյալ գործիքի անհնար է կատարողական բարձր մակարդակի հասնել՝ Ֆիլհարմոնիկը Հայկական բարեգործական ընդհանուր միությանը կից «Shaldjian Family»-ի («Շալջյան ընտանիք») դրամաշնորհի շրջանակում ձեռնարկել է կոնտրաբասերի ձեռքբերման գործընթացը, ինչը, պարզվեց, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ պատվերին հաջորդել է համավարակը և ամբողջ աշխարհը արգելափակվել է: Կոնտրաբասերը Երևան են հասել մոտ երկուս ու կես տարի անց՝ համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ:

Մինչ պատվերն իրականացնելը, Պադարյանը, մաեստրո Թոփչյանը և Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասերի խմբի կոնցերտմայստեր Կարեն Խաչատրյանը մանրամասն ուսումնասիրել են մի քանի լավագույն վարպետների աշխատանքներ, ինչի արդյունքում ընտրվել են «Emmanuel Wilfer» ընկերության կոնտրաբասերը, քանի որ նրանք առաջարկել են որակի և գնի առումով ամենաձեռնտու տարբերակը: Ըստ մասնագետների՝ նրանք պատրաստում են շատ լավ նվագախմբային հնչողությամբ կոնտրաբասեր, գործիքներն ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, որոշները նաև գեղեցիկ «առյուծագլուխներ» ունեն:

Նմանատիպ նյութեր