211652_close_icon
views-count12856 դիտում article-date 13:12 03-12-2021

Հիմա քննարկվում են երթուղիները. հիմնական ուղղություններն են` Երասխ-Նախիջևան, Իջևան-Ադրբեջան և Մեղրիի ուղղությունները. ՏԿԵ փոխնախարար

tert.am-ը գրում է. Ճանապարհային անվտանգության հարցերը շատ բազմակողմանի են և այդ կոնտեքստում կարևոր նշանակություն ունի  շարժակազմը, վարորդների պրոֆեսիոնալիզմը և ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Ճանապարհային ենթակառուցվածքներն այսօր աննախադեպ ծավալով բերվում են միջազգային ստանդարտներին համապատասխան մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք արել ենք և հիմա մրցույթներ ենք հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան արդիականացնել շարժակազմը»։

Սիմոնյանը նշեց, որ Եվրոպայի հետ ունեն համաձայնագիր, որի կանոնակարգերով կան համապատասխան պահանջներ վարորդների մասնագիտական պահանջների նկատմամբ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցելու վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին և տեսանյութերին՝ Սիմոնյանը նշեց.

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական լրատվամիջոցներին։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է ուսումնասիրվեն այդ երթուղիները։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»։

ՏԿՌ փոխնախարարը մանրամասնեց` կոնկրետ որ երթուղիների մասին է խոսքը։ «Երկաթուղիների մասով հստակ են ուղղությունները.  մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացողն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղությունը Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան գնացողն է, ունենք ուղղություն, որը դեպի Վրաստան է գնում, և ևս մեկը ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Մեղրիի և Իջևանի ուղղություններով երթուղիները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով Իրանի հետ, սա է լինելու ապաշրջափակումը»,- ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր