211652_close_icon
views-count1427 դիտում article-date 12:19 30-11-2021

ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունները պատրաստ են ձմեռային սեզոնին. կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը զեկուցել է ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:

Հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 հրամանատարաշտաբային, 7 շտաբային և 23 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում 8 փրկարար ծառայող մասնակցել է ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության կողմից կազմակերպված շվեյցարական թիմի վերաորակավորման վարժանքին: Նախարարի ցուցման համաձայն, շարունակվում են նաև հանրապետության ողջ տարածում պատսպարանների վիճակը բարելավելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությունը։

Զեկույցներով հանդես են եկել նաև ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Վերջիններս ներկայացրել են ձմեռային սեզոնով պայմանավորված մարզերում իրականացվող նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները։

Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի զեկույցի՝ «911» ահազանգման կենտրոնում սպասարկվել է 55331 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57440-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 520 ահազանգ: Մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է 656 արտակարգ դեպք և պատահար:

Նախարար Անդրանիկ Փիլոյանը խորհրդակցության ավարտին տվել է հանձնարարականներ ձմեռանոցների տեղադրման, տեխնիկական, վառելիքային ապահովման և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։Նախարարը կարևորել է վարժանքների շարունակականությունը և ընդգծել, որ հետայսու վարժանքները պետք է իրականացվեն իրականությանը առավելագույն մոտ սցենարով: Ա. Փիլոյանը շնորհակալություն է հայտնել մարզային վարչությունների ղեկավարներին՝ ծառայության համար:

Նմանատիպ նյութեր