211652_close_icon
views-count1742 դիտում article-date 21:24 26-04-2021

Ավելի քան 42 հազար ահազանգ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի ժ/պ Անդրանիկ Փիլոյանը:

Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ապրիլի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 42.331 զանգ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 10%-ով աճ է գրանցվել: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել է 369 ահազանգ, որից 363-ի դեպքում դրանք վերաբերել են հրդեհի առաջացմանը կամ դրա սպառնալիքին:

ՓԾ տնօրենի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 802 արտակարգ դեպք և պատահար: Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում ավելացել են հրդեհների և օձերի խայթոցների դեպքերը:

Նշվեց նաև, որ ծառայության կողմից իրականացվում են մի շարք իրավական փաստաթղթերի լրամշակումներ՝ մասնավորապես լրամշակվում է «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործողությունների պլան»-ը, մշակվում են մի շարք մարզերի «Աղետների ռիսկերի կառավարման պլան»-ները:

Առաջարկություններ են ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գետերի և սելավատարերի վտանգավոր հատվածներում հսկողություն և առաջնային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Նախարարի ժ/պ Ա. Փիլոյանը հանձնարարել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել պատսպարանների հետ կապված խնդիրները:

Ապրիլ ամսվա գործունեության արդյունքերը ներկայացրել են նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Զեկուցվել է, որ կապված հանգստյան սեզոնի մոտալուտ բացման հետ՝ Սևանա լճի հանրային լողափերի պատասխանատուներին արդեն ներկայացվել են համապատասխան պահանջներ՝ դրանք կահավորելու և պատշաճ վիճակի բերելու համար:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Անդրանիկ Փիլոյանը և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը պատվոգրեր են հանձնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 25 աշխատակցի՝ մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների կամ այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովի աշխատանքներին օժանդակություն ցուցաբերելու և բարեխիղճ ծառայության համար:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր