211652_close_icon
views-count2516 դիտում article-date 19:10 30-01-2020

Տեղի է ունեցել Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը. ներկա էր մարզպետ Գնել Սանոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզի պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզպետարանի աշխատակիցներ, այլ պաշտոնատար անձինք: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը ներկայացրեց վարչության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գրանցվել է 553 արտակարգ դեպք (2018 թ.` 536), որոնց հետևանքով զոհվել է 22 մարդ (2018 թ.` 17), մարմնական վնասվածքներ է ստացել` 86 մարդ (2018 թ.` 59): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերն աճել են 17-ով: Գրանցված դեպքերից` 360-ը տեխնածին են, (2018 թ.` 323), որոնց հետևանքով զոհվել է 14 (2018 թ.` 10), վիրավորվել` 60 մարդ (2018 թ.` 57): 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն աճել են 37 դեպքով: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 201-ը հրդեհի դեպքերն են (2018 թ.՝ 193), հրդեհների թիվը մարզում աճել է 8-ով: Հրդեհների հետևանքով զոհեր չկան՝ տուժել է 3 մարդ (2018 թ.՝ զոհ և վիրավոր չկա): Տեխնածին բնույթի դեպքերից 58-ը ՃՏՊ-ներ են, որոնց հետևանքով զոհվել է 9, տուժել 70 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքներում իրականացվել են արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես մաքրվել է Գանձակ համայնքով անցնող Գռիձոր գետի հունը, Մեծ Մասրիկ համայնքի Մասրիկ գետի հունը և սելավատարը, Սարուխան համայնքով անցնող Կուկուձոր գետի հունը, ուղղվել է Ճամբարակ համայնքի բնակավայրերով անցնող Գետիկ գետի հունը, մաքրվել են Վարդաձոր Համայնքի սելավատարերը: Ուսումնասիրվել են Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները և դրանց տեխնիկական վիճակը: Ներկայումս մարզի ղեկավար կազմի ազդարարումն իրականացվում է հեռախոսային կապով, իսկ բնակչության ազդարարման համար տեղադրված են 41 շչակներ, որոնց մի մասը գտնվում է անսարք վիճակում: Զեկույցի համաձայն, շչակների քանակն անհրաժեշտ է հասցնել 117-ի, և բոլորը միացնել կենտրոնացված ազդարարման համակարգին: Այս խնդիրները ներառված են մարզի սոցիալ տնտեսական զարգացման 2017-2025 թվականների ծրագրում: Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր