ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության համաժողովին և լիագումար նիստին
Դատական կատարողների միջազգային միության (ԴԿՄՄ) նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը նոյեմբերի 22-25-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է «Թվային արդարադատությունը․ նոր հնարավորություններ հարկադիր կատարողների համար» խորագիրը կրող Միության 24-րդ համաժողովին և լիագումար նիստին, որին ներկա է եղել աշխարհի շուրջ 90 երկրի պատվիրակություն, տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։
Համաժողովի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների գործընկեր կառույցների ղեկավարների հետ։ Քննարկվել են հարկադիր կատարման ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընդհանուր հարցեր, ուղենշվել են համագործակցության հետագա զարգացման ծրագրային ուղղությունները։ Մասնավորապես՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցը, խոսելով երկկողմանի համագործակցության շրջանակների ընդլայնման մասին, ընդգծել է Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի բարեփոխման ուղղությամբ Միության կողմից փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը։
ՌԴ Դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր հարկադիր կատարող Դմիտրիյ Արիստովի հետ էլ քննարկվել են երկու պետությունների գործընկեր կառույցների միջև 2019 թվականին կնքված համագործակցության հուշագրի համատեքստում փոխգործակցության նոր հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել երկկողմանի ճանաչողական այցերի շրջանակում տեղում ներկայացնել ոչ միայն հարկադիր կատարման ոլորտում ռուսական նորագույն փորձը, փոխանակվել գաղափարներով, ներդրված լուծումներով, այլև ծանոթացնել հարկադիր կատարման ոլորտի վերջին օրենսդրական նախաձեռնություններին, որոնց նպատակը էլեկտրոնային համապարփակ գործիքակազմերի ներդրումն է։
Հետագա համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Վրաստանի և Լատվիայի գործընկերների հետ։
ԴԿՄՄ լիագումար նիստին արդեն Հայաստանը մասնակցել է Միության նախագահի ընտրությանը, որի արդյունքներով Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է գործող նախագահ Մարկ Շմիցը։