Դեռ «ջախջախելու» շատ «թշնամիներ» կան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ավելի քան երկու տարի իշխանության և նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռևս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլև դա ինձ հետաքրքիր էր, և հիմա էլ, հավանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիականությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշրջանում, կա՜մ ապրածների ժառանգներն են:
Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշևիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տարիների ընթացքում նույնպես կարծում էին (կամ ձև էին անում, թե կարծում են), որ կա ներքին դիմադրություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոցներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգևորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշևիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը և դավադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում», բնականաբար, յուրայինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջախում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանեցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձևը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզմի գործակալների», «5-րդ շարասյան» և այլ ներքին թշնամիների առկայությունը:
Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, և բռնապետությունն էլ մեզ, բնականաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափություններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք... և կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ և դավադիրներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտվելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]