211652_close_icon

Կրակոցներ՝ Լոռու մարզում. Սպիտակում կրակոցներ են հնչել ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Դերժավայի Արկադիի» տան մոտ. 10 ձերբակալվածներից մեկը «Դերժավայի Արկադիի» որդին է. հայտնաբերվել են կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4093 դիտում article-date 11:40 15-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի 5-րդ նրբանցքի 48 տան մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
 
Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խմբերը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ: 

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 11 հոգու, որոնց մեջ են «Դերժավայի Արկադին» ու իր որդին:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են, արդյոք վիճաաբնության, ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, հիվանդանոցային ահզանգեր եղել են, թե ոչ:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«Իմացանք, որ Արկադիի տան մոտ մի քանի հոգի վիճաբանել է, հետո իրար են տվել, ու էդ ժամանակ կրակոցներ են հնչել: Լավա, որ Սպիտակի ոստիկանները շատ արագ հասան, դրանք չկարողացան դիմել փախուստի, հետո եկան քրեականի ոստիկաններն ու մեր Սպիտակի պարեկները, սաղին փռին ասֆալտին ու տարան: Եթե թաղայինները, քրեականներն ու պարեկները մի քիչ ուշանային, հաստատ էստեղ ողբերգություն էր տեղի ունենալու: Թե ինչն է եղել իրար հայհոելու, իրար տալու, իրար վրա կրակելու պատճառը, էդ էլ արդեն քննիչները կպարզեն»: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ կռվի մասնացիներն են եղել Սպիտակի բնակիչ Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Հարությունյանը, Սպիտակ քաղաքի բնակիչ 36-ամյա Մուշեղ Սիմոնյանը, Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Խրիմյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Վահան Սահակյանը, Երևանի բնակիչ 30-ամյա Էրիկ Հարությունյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Ստեփանյանը, Երևանի բնակիչ 29-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, ով «Դերժավայի Արկադիի» տղան է, Երևանի բնակիչ 49-ամյա Անդրանիկ Մաշկարյանը, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Խաչոյանը և Երևանի բնակիչ 37-ամյա Նարեկ Լավչյանը: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակի կրակված մի քանի պարկուճներ: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր