Այս օրերին առանձնակի կարևորություն ունի հայ համայնքի հետ մեր համագործակցությունը. Ուկրաինայում ՀՀ դեսպան
[b]Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը «Օրեր» եվրոպական ամսագրին[/b]
[b]Հարց[/b]․ Ի՞նչ վիճակում է գտնվում Ուկրաինայում Քովիդ 19 համավարակի դեմ պայքարը, որքանո՞վ է հաջողվել ուկրաինական իշխանություններին կասեցնել դրա հետագա տարածումը։
[b]Տիգրան Սեյրանյան[/b]․ Ուկրաինայում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը դեռ զարգացման փուլում է և խոսել դրա հետագա տարածման կասեցման մասին առայժմ վաղաժամ է։ Մասնագետները կարծում են, որ պիկային շրջանը կլինի մայիսին, թեպետ այս պահին վարակվածների թիվն ըստ օրերի կայուն է և նույնիսկ իջնում է։ Ապրիլի 20-ի դրությամբ երկրում արձանագրվել է 5,710 վարակակիր, որից 151-ը մահացել է, 359-ն ապաքինվել, կատարվել է 58,093 թեստավորում։ Մեկ միլիոն բնակչի հաշվարկով թեստավորման թիվը կազմում է 1,328, որն այդքան էլ մեծ թիվ չէ վարակվածների իրական պատկերն ունենալու համար։ Ինչևէ, Ուկրաինայի իշխանությունները բավականին լուրջ միջոցառումներ են իրականացնում վարակի հետագա տարածումը կասեցնելու համար, մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, առայժմ մինչև ապրիլի 24-ը, սակայն կասկած չունեմ, որ այն երկարաձգվելու է։ Միջոցառումները և արգելքները համանման բնույթ են կրում Հայաստանի հետ, սակայն տարբերությունն այն է, որ եվրոպական երկրներից, Ռուսաստանից հատկապես ցամաքային ճանապարհով վերադարձածների թիվն այնքան մեծ է (որոշ տվյալներով՝ ավելի քան 1,2 միլիոն մարդ), որ բոլորի վերահսկումն իսկապես ահռելի մարտահրավեր է կառավարության համար։ Դրականն այն է, որ Ուկրաինայի կառավարությունը կարողացավ արագ կազմակերպել վարակի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների ներկրումն ու արտադրությունն, իսկ որոշ դեպքերում նաև օգնել այլ պետությունների, օրինակ Իտալիային։ Ուկրաինական բեռնատար ավիացիան մեծաքանակ բեռներ է տեղափոխել Չինաստանից նաև Չեխիայի Հանրապետություն։ Այս պահին, տարրական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրեթե չկա, չնայած դրանց գները շուկայում աճել են։ Պարենի պակաս էլ չկա և հուսամ երկիրը կխուսափի այդ դեֆիցիտից ևս։
[b]
Հարց․[/b] Ուկրաինայում վարակվածների շրջանում կան արդյո՞ք հայեր և եթե տեղյակ եք, ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։
[b]Տիգրան Սեյրանյան[/b]․ Նախ նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է թե անմիջապես մեր քաղաքացիների և հայրենակիցների հետ, թե համայնքային կառույցների հետ՝ ընդհանուր գնահատելով ՀՀ քաղաքացիների և հայ համայնքի վիճակը համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերների համատեքստում և փորձելով հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել կամ համակարգել աջակցության տրամադրումը մեր հայրենակիցներին:
Ըստ Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) տվյալների՝ Խերսոնի մարզում վարակված է չորս հոգուց բաղկացած հայ մեկ ընտանիք, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ: Վերջիններիս վիճակը բարվոք է, եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։ Խերսոնի հայերի միության նախագահը մշտական կապերի մեջ է այդ ընտանիքի հետ։ Մամուլում եղան նաև տեղեկություններ, որ COVID-19-ով է վարակվել խորհրդարանի՝ Գերագույն ռադայի հայկական ծագում ունեցող մի պատգամավոր։
Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակակիրների մասին մենք տեղեկություններ չունենք, բայց պետք է նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես դիմել է երկրի գլխավոր համաճարակաբանին՝ ՀՀ քաղաքացիների վարակման դեպքում մեր դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկություններ հաղորդելու խնդրանքով։
[b]Հարց[/b]․ Ի՞նչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Քանի ՀՀ քաղաքացի է դեռևս մնացել Ուկրաինայում, որ ցանկություն է հայտնել մեկնել Երևան։
[b]Տիգրան Սեյրանյան[/b]․ Դեսպանության հետ կապ է հաստատել և հյուպատոսական հաշվառման կանգնել 125 ՀՀ քաղաքացի, ներառյալ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Ուկրաինայում տարբեր երկրների հետ օդային և ցամաքային հաղորդակցության սահմանափակումներն ուժի մեջ մտան մարտի 17-ից, ինչի հետևանքով թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականորեն հնարավոր չէ անմիջապես կազմակերպել Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նման խնդիրները կապված են նաև տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, մեր կողմից շարունակական ջանքեր են գործադրվում՝ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու ուղղությամբ: Այսպես, մարտի 25-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում հնարավոր եղավ կազմակերպել ուկրաինական SkyUp ավիաընկերության չարտերային չվերթ Կիևից Երևան, որով Հայաստան մեկնեցին 58 ՀՀ և 2՝ Հայաստանում բնակության իրավունք ունեցող Ուկրաինայի քաղաքացիներ։ Հակառակ ուղղությամբ օդանավն Ուկրաինա բերեց 92 ուղևոր։
Այսօր 100-ից ավելի հայաստանցիներ և Հայաստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրյա անդամներ ցանկություն ունեն Հայաստան մեկնելու։ Ըստ ուկրաինացի մեր գործընկերների մեզ տրամադրված տեղեկատվության՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունում նույնպես կան ցուցակագրված անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ուկրաինա: ՈւՀՄ ակտիվ ներգրավմամբ աշխատում ենք ևս մեկ չարտերային թռիչք կազմակերպելու ուղղությամբ և ներկայումս գտնվում են առկա լոգիստիկ և տեխնիկական խնդիրների լուծման, համապատասխան թույլտվությունների ձեռքբերման փուլում։ Այս առումով ամենօրյա ռեժիմով բոլոր քայլերը համակարգում ենք պարետատան հետ՝ ՀՀ ԱԳՆ միջոցով։
Ինչպես և ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այնպես էլ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա հասանելիությամբ թեժ գծեր։ Facebook-ի դեսպանության էջում անհրաժեշտ պարբերականությամբ նորություններ են հրապարակվում, տեղեկություններ Հայաստանում և Ուկրաինայում կարանտինային ռեժիմի մանրամասների, կարգերի մասին։ Օրական 100-ից ավելի զանգերի ենք սպասարկում, որը բացի լարված աշխատանքային ռեժիմի պահանջում է նաև լուրջ հոգեբանական պատրաստվածություն, քանի որ զանգերի բովանդակությունը շատ հաճախ կապված է մարդկային տարբեր պատմությունների հետ, իսկ երբեմն էլ, ցավոք, անցնում քաղաքավարության սահմանները:
Միաժամանակ հյուպատոսական հիմնարկների կողմից շարունակվում է այն հյուպատոսական ծառայությունների մատուցումը, որոնք կապված չեն կարանտինային սահմանափակումների հետ։
Այս օրերին առանձնակի կարևորություն ունի հայ համայնքի հետ մեր համագործակցությունը։ ՈւՀՄ-ն տարածքային կազմակերպություններ ունի Ուկրաինայի բոլոր մարզերում։ Եթե որևիցե հայի մոտ խնդիր է առաջանում և մենք տեղեկություն ենք ստանում մեր թեժ գծի միջոցով, և եթե տվյալ անձը դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսության, Խարկիվում, Տերնոպիլում կամ Չերկասիում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունների անմիջական հասանելիությունից դուրս են, ապա դիմում ենք տեղի հայկական միություններին և նրանք հնարավոր օգնությունն են առաջարկում մեր հայրենակիցներին։ Այդպիսի գործակցության փայլուն օրինակներ կան Զապորիժժյայի, Անդրկարպատյան, Լուհանսկի, Սումիի, Դոնեցկի մարզերում, Կիևում, Օդեսայում։ Թող ներեն նրանք, ում միգուցե մոռացա նշել։
Դեսպանությունը շնորհակալ է Կոնտինենտ1 համատեղ տրանսպորտային ընկերությանն ալկոգելի արտադրության համար անհրաժեշտ նյութ Հայաստան տեղափոխելու համար։
Ամեն դեպքում, անխտիր բոլորը պատրաստակամ են օգնության ձեռք մեկնելու և սատար կանգնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս մարտահրավերի հասցեագրման գործում։
[b]
Հարց[/b]․ Ի՞նչ վիճակում են հայտնվել տեղի հայկական համայնքները։ Համավարակի տարածման առաջին օրերին որոշ քաղաքներում հայկական համայնքների ղեկավարները համերկրացիների համար առաջին օգնության փաթեթներ ուղարկեցին։ Եթե կարելի է մանրամասնել ի՞նչ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։
[b]
Տիգրան Սեյրանյան[/b]․ Համայնքն իրականում հսկայական աշխատանք է կատարում։ Համավարակի հենց սկզբից ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը դիմել էր ուղերձով, որպեսզի Ուկրաինայում բնակվող հայերը մոբիլիզացվեն, էլ ավելի համախմբվեն և օգնեն միմյանց։ Պետք է նշել, որ այդ օգնությունը դուրս է գալիս համայնքի շրջանակներից. հայերն օգնում են ոչ միայն կարիքավոր հայրենակիցներին, այլև տեղի ազգաբնակչությանը, բուժհիմնարկներին։
Բոլոր տարածքային կազմակերպություններն անում են դա։ Մի մասի օգնությունն առավել տեսանելի է սոցիալական ցանցերով, օրինակ՝ Զապորիժժյայի կազմակերպության աշխատանքը, Օդեսայինը, Ժիտոմիրինը, Դոնեցկինը։ Տերնոպիլում մեր պատվավոր հյուպատոսը մեծ օգնություն է տրամադրել տեղի իշխանություններին։ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոսը շոշափելի օժանդակություն է ցուցաբերում իր հայրենի Իջևանում։ Կան նաև ազգությամբ հայ անհատներ, ովքեր օգնություն են ցուցաբերել տեղի հիվանդանոցներին։
Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցեցին մեր դեսպանությանը՝ անձնակազմին ապահովելով անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներով։