211652_close_icon
views-count959 դիտում article-date 11:46 13-04-2020

ՀՀ-ում 2019 թ․ սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերն աճել են 2143-ով կամ 17 %-ով, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերն աճել են 257-ով կամ 17.9 %-ով

2019 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների էական՝ 2143 դեպքով կամ 17.8 %-ով աճ, իսկ Երևան քաղաքում դեպքերն աճել են 1635-ով կամ 21.7 %-ով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության զեկույցից: Զեկույցում նշվում է, որ հատկանշական է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին ունեն դինամիկ աճի միտում: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին հանրապետությունում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 5578 դեպք, իսկ հաշվետու տարում՝ 14199 դեպք, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են գրեթե 3 անգամ: Թեև, ակնհայտորեն, այս ցուցանիշի համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այս բնույթի հանցագործությունների հաշվառման, գրանցման գործընթացների բարելավումը, այդուհանդերձ, դրանց դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը օրվա հրամայական են։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճին զուգահեռ նվազել է նաև այդ դեպքերի բացահայտման հանրապետական ցուցանիշը՝ կազմելով 47,4 %, նախորդ տարվա 46,4 %-ի դիմաց։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում անձնական գույքի հափշտակությունների, մասնավորապես` գողությունների, այդ թվում՝ բնակարանային գողությունների, խարդախությունների, յուրացումների և վատնումների հաշվին։ Այսպես, գողության դեպքերը աճել են 1881-ով կամ 21,3 %-ով, բնակարանային գողությունների դեպքերը՝ 257-ով կամ 17,9 %-ով, խարդախության դեպքերը՝ 116-ով կամ 7,6 %-ով, իսկ յուրացման կամ վատնման դեպքերը՝ 84-ով կամ 15,5 %-ով: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ընդհանուր հանցագործությունների, այնպես էլ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների զանգվածում, ինչպես և նախորդ տարիներին, զգալի տեսակարար կշիռ են կազմում և որոշակիորեն անհանգստացնող են անձնական գույքի հափշտակությունների, մասնավորապես` գողությունների, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը: Հանրապետության տարածքում գրանցված 26․850 հանցագործության դեպքերի զանգվածում անձնական գույքի հափշտակությունների 12․737 դեպքերի տեսակարար կշիռը կազմում է 47.4 %, իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործություններինը՝ 89.7 %-ը: Արձանագրվել է նաև գողության դեպքերի աճ 1881-ով կամ 21․3 %-ով՝ նախորդ տարվա 8851-ի դիմաց, հաշվետու տարում արձանագրվել է այդպիսի 10․732 դեպք։ 2019 թ․ ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են գողության դեպքերի շարժընթացում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես, դրանց զգալի աճի 21 պատճառների բացահայտման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ գողության դեպքերը հիմնականում կատարվել են հագուստի խանութներում, հասարակական տրանսպորտում և զվարճանքի վայրերում քաղաքացիների դրամապանակների, բջջային հեռախոսների, ինչպես նաև բակերում և կայանատեղերում կայանված ավտոմեքենաների վրայից, դրանց սրահներից տարբեր տեսակի իրերի գաղտնի հափշտակության ձևով:

Նմանատիպ նյութեր