211652_close_icon
views-count2025 դիտում article-date 20:38 14-03-2019

Դատախազության նախաձեռնությամբ Արարատի մարզում ևս իրավապահ, ՏԿ և ՏԻՄ մարմինները կհամատեղեն ուժերը բնակարանային գողությունների դեմ պայքարում

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ: Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները, ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները: Արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝ 91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը: Ընդ որում՝ մարզում բնակարանային գողությունների բացահայտման անկման միտումը դրսևորվում է վեջին 5 տարիներին շարունակ: Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն անընդունելի է համարել իրավիճակի հետագա հանդուրժումը: Նա նշել է, որ այս հանցագործությունների բացահայտման ցածր մակարդակն ինքնին հանդիսանում է բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից: Մարզում բնակարանային գողությունների բոլոր դեպքերում հանցագործության համար նպաստավոր պայմաններ են հանդիսացել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, բարձր հարկերում մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի լուսավորության, տեսախցիկների բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մարզի դատախազը նշել է, որ բնակարանային գողության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցը այդ պայմանները չեզոքացնելն է: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հրատապ կարգով քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների և լուսավորության բացակայության ծավալները, այնուհետ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության վերոնշյալ տեխնիկական միջոցներով կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրումն իրականացնելուց հետո, ըստ գողությունների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել նշված ծրագրերն իրագործելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը: Առանձին համայնքների ղեկավարներ նշել են, որ բյուջեներով արդեն իսկ նախատեսված են միջոցներ՝ բնակավայրերի մուտքերը տեսանկարահանող սարքերով վերազինելու համար: Արարատի փոխմարզպետ Ա. Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում հարցը կքննարկվի նաև մարզխորհրդի ընդլայնված նիստում՝ հորդորելու համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել նախանշված խնդիրների լուծման հարցում: Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ մարզի դատախազությունը, հետևողականություն է դրսևորելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու ինչպես փաստացի կատարված, այնպես էլ, ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին: Մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչությանը հանձնարարել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների (բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն), ֆիզիկական անձանց կողմից շահագործվող տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև բնակավայրերի՝ գողերի կողմից առավել թիրախավորված հատվածներում ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը: Մարզի դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է հետևողականություն դրսևորել համայնքների կողմից ժամանակին տեղեկատվության տրամադարման հարցում, մասնակցել աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում կազմակերպվելիք քննարկումններին, անհրաժեշտության դեպքում շրջայցերի միջոցով տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր