211652_close_icon

Արտակ Դավթյանի պատասխանները չեն գոհացրել Ապրիլյանի հանձնաժողովի անդամներին. «Ժողովուրդ»

views-count3569 դիտում article-date 09:13 08-02-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից: Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ ևս անցել է շատ բարի մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, և խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից: Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է: Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից և միմյանց միջև քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաև վերջին օրերին բանակում կատարված դեպքերին, և Դավթյանը շտապել է հանգստացնել պատգամավորներին, թե ամեն ինչ նորմալ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր