211652_close_icon
views-count2316 դիտում article-date 13:01 28-12-2018

Պետական քաղաքական կամք կա՞

Վազգեն Պետրոսյանը նամակ է գրել, որը ներկայացնում ենք. «Շատ է խոսվում ՀՀ սփյուռքի նախարարության լուծարման մասին, ինչը բուռն ընդվզում է առաջացրել հանրության որոշ հատվածում։ Նախ հարցի քաղաքական կողմը. նրանք, ովքեր մտահոգ են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններով, կարծում են, որ գոյություն ունեցող կապերը կխզվեն: Նախևառաջ չցանկանալով ստվեր գցել այն մարդկանց աշխատանքի վրա, որոնք վերջին 10 տարում աշխատել են այդ նախարարությունում՝ պետք է հարց բարձրացնեմ՝ իրո՞ք Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ եղել են։ Այո՛, բայց մակերեսային, ինչի ապացույցն է այն, որ Հայաստանի ամենադժվար օրերին Սփյուռքի դերակատարումը Հայաստանի կյանքում միշտ սահմանափակված է եղել մի քանի հարյուր անձնուրաց մարդկանցով, որոնք, անկախ ամեն ինչից, Հայաստանի կողքին են: Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ի սկզբանե՝ երրորդ հանրապետության առաջին նախագահի ժամանակահատվածից, սխալ են կառուցվել, ու այդ ծուռ պատը շարունակում է բարձրանալ: Հայաստանի և ոչ մի կառավարություն մինչ օրս չի հասկացել Սփյուռքի կարևորությունը Հայաստանի համար, քանի որ չեն հասկացել ու չեն ուզել հասկանալ, թե ինչ է Սփյուռքը: Հայկական բոլոր կառավարությունների համար Սփյուռքը դիտարկվել է հիմնականում ֆինանսական հոսքերի աղբյուր… Մինչդեռ Սփյուռքն իր ներուժով կարող էր Հայաստանի համար հանդիսանալ գիտական, արդյունաբերական, ֆինանսական ոլորտների հզորացման լոկոմոտիվ, արտաքին աշխարհի հետ քաղաքական փոխհարաբերությունների կառուցման ու զարգացման աջակից, հզոր լոբբինգ՝ հայկական շահերի համար: Այնպես որ՝ մինչև Հայաստանի քաղաքական էլիտան չհստակեցնի իր հարաբերությունները Սփյուռքի հետ, իրոք, անիմաստ է պահել ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Խորհրդային ժամանակաշրջանում Սփյուռքի հետ կապի կոմիտեն շատ ավելին էր անում Հայաստանի ու Սփյուռքի համար, քան Հայաստանի երրորդ Հանրապետության կառավարությունները։ Իհարկե, կա նաև խնդրի սոցիալական կողմը։ Այսօր պետական շատ աշխատողներ մտահոգ են իրենց աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նրանց բողոքն արդարացված է։ Հայաստանի կառավարությունն այսօր օգտագործում է «Լայվ դամոկլյան սրի» սկզբունքը, որը քաղաքական բառապաշարի մեջ մտավ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո… Այս սկզբունքը չի ընդունվում այն մարդկանց կողմից, ովքեր իրենց ապագան չեն կազմում մեկ-երկու ամսվա համար: Ելք կա՞։ Այո՛, կա: Բայց դրա համար արդյոք ունե՞նք ապագա 50 տարվա համար պետական ռազմավարություն, զարգացման ծրագիր ստեղծելու քաղաքական կամք»։

Նմանատիպ նյութեր